Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց համաձայնեցված էր, և Կրեմլը պատրաստվում է դրան. РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինն ու Փաշինյանն իրենց առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն հանրապետությունում գտնվող ռուսական ռազմաբազայի հարցը։
«Այս բազան շատ կարևոր տարր է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։ Իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական տեսակետը», – նշել է նա։
Պեսկովն առաջիկա հանդիպման գլխավոր թեմաների շարքում նշել է նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Երևանի ընտրության հարցը։
Նա հայտարարել է, որ Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրամիություն և Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքը շարունակելու ցանկությունն անհամատեղելի են։
«Երկու տնտեսական աթոռի վրա նստելու ցանկությունը պետք է կա՛մ հաստատվի, կա՛մ հերքվի որոշակի ընտրության միջոցով», – նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները բավականին լայն են՝ չնայած առկա դժվարություններին։