ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին ասել է, թե կցանկանար տեսնել, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական ագրեսիան Եվրոպայի տարբեր տարածքների նկատմամբ՝ հույս ունենալով, որ դա կարող է հանգեցնել Ուկրաինայում պատերազմի արագ կարգավորմանը․ գրում է Reuters-ը։
«Ես իսկապես հավատում եմ, որ դա լիովին հնարավոր է. ամեն ամիս հազարավոր մարդիկ են զոհվում, սա իսկական արյունահեղություն է»,- նշել է Թրամփը։
Նա հաճախ է կոչ արել Ուկրաինայում պատերազմն ավարտել բանակցությունների միջոցով, սակայն «Եվրոպայի տարածքներ» արտահայտությունը ենթադրում է տարածքներ, որոնք դուրս են Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների գոտուց։
Թրամփը մանրամասներ չի ներկայացրել, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է դադարեցնի Պուտինը։
Ավելի ուշ Թրամփը կրկնել է իր տեսակետը, թե Պուտինը ցանկանում է համաձայնության գալ։ Սակայն Թրամփը, որ դիվանագիտությունը հաճախ դիտարկում է որպես անձնական հարաբերությունների հարց, նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև առկա թշնամանքը դժվարացնում է բանակցությունները։
«Այդ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ կա երկու ղեկավար, որոնք իսկապես ատում են միմյանց»,- նշել է ԱՄՆ ղեկավարը։