Իրանի կողմից Քուվեյթի՝ էմիրության կենսական նշանակություն ունեցող օբյեկտներից մեկի վրա հարձակվելու մասին մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն քողարկել Իսրայելի ու ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում անկայունությունն ուժեղացնելու փորձերը։
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
«Հաշվի առնելով թշնամական գործողությունների պատմությունը, ինչպես նաև կեղծ դրոշի ներքո գործողություններ իրականացնելու և տարածաշրջանային արկածախնդրությունների մեջ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը՝ խմբ.) և ամերիկյան ուժերի դերակատարությունը՝ այս մեղադրանքները դիտարկվում են որպես նոր հանցագործությունների շարունակման և տարածաշրջանում անկայունությունն ուժեղացնելու փորձերի քողարկում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Շեքարչին կտրականապես հերքել է Քուվեյթի զինված ուժերի հայտարարությունները՝ ընդգծելով, որ Իրանի զինված ուժերը տարածաշրջանում որևէ ռազմական կամ հարձակողական գործողություն չեն իրականացրել։
Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «իրանական ագրեսիայի» մասին, որի հետևանքով «հարձակման է ենթարկվել կարևոր օբյեկտներից մեկը»։
Հաղորդագրության համաձայն՝ վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու Իտալիայի քաղաքացի։ Քուվեյթի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ իրանական հարվածը նաև նյութական վնաս է պատճառել։