Գյումրիի՝ քանդված, անմխիթար վիճակում գտնվող փողոցների հարցը շարունակում է մնալ չլուծված, մինչդեռ պատասխանատուները քննարկում են՝ որ փողոցներն են առաջնահերթ ասֆալտապատվելու, ինչ ժամկետներում և ինչ միջոցներով։
Այսօր «Գյումրիի ճանապարհները․ առաջնահերթություններ, որակ և պատասխանատվություն» թեմայով քննարկում է անցկացվել, որի առանցքում Անի և Մուշ թաղամասերի ճանապարհների, ինչպես նաև Շիրակացի փողոցի ասֆալտապատման ժամկետների հարցերն էին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փողոցների ընտրության չափանիշներին, ճանապարհաշինության ֆինանսավորմանը, իրականացվող աշխատանքների որակի վերահսկողությանն ու կապալառու կազմակերպությունների պատասխանատվությանը։
Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Թադևոս Վարդանյանը, Գյումրու համայնքապետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, սուբվենցիոն ծրագրերի պատասխանատու Պարգև Հարությունյանը, Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը։
Սակայն Գյումրիի բնակիչների համար առաջնայինը քննարկումների քանակը չէ, այլ դրանց արդյունքը։ Քաղաքի կենտրոնից դուրս գտնվող բազմաթիվ փողոցների վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ փոսեր, քանդված ճանապարհահատվածներ ու անձրևների ժամանակ դժվարանցանելի դարձող փողոցներ։
Այսպիսով՝ ճանապարհների ասֆալտապատման առաջնահերթությունները, ֆինանսավորումն ու պատասխանատվության հարցերը քննարկվում են, իսկ գյումրեցիները շարունակում են սպասել, թե երբ քննարկումներից հետո հերթը կհասնի նաև իրենց փողոցներին։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան