Ռուսական ուժերը նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան բալիստիկ հրթիռներով հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին՝ թիրախավորելով առևտրի կենտրոն և ևս երկու շինություն։
Քաղաքի բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններում։
Այս մասին տեղեկություն է տարածել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ վիրավորվել է չորս մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Քաղաքապետի տվյալներով՝ հրթիռներն ընկել են Դնեպր գետի արևելյան ափին գտնվող առևտրի կենտրոնի և ևս երկու շինության վրա։ Շենքերից մեկը զգալի վնասներ է կրել։
Սեպտեմբերից ի վեր ռուսական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։
Նոյեմբերի 26-ին մեկ այլ հարված է հասցվել Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքին՝ Խարկովին։
Քաղաքապետի տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, կան նաև փլատակների տակ մնացած քաղաքացիներ։
Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հետախուզական տվյալները վկայում են Ուկրաինայի ուղղությամբ ռուսական ուժերի կողմից նոր լայնածավալ հարվածի նախապատրաստման մասին։