ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը մտահոգիչ է համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը՝ նշելով, որ դա հարցեր է առաջացնում իշխանությունների բաժանման սկզբունքի և սահմանադրական արդարադատության անկախության վերաբերյալ։
«ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։
Սա լրջագույն հարցեր է առաջացնում Հայաստանում իշխանությունների բաժանման սկզբունքի և սահմանադրական արդարադատության անկախության վերաբերյալ։
ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը։
Բայց ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի Սահմանադրական դատարանի անաչառությանը, երբ դրա նախագահ է դառնում իշխող քաղաքական ուժի նախկին պատգամավորը։
Այո՛, օրենքը չի արգելում նախկին քաղաքական գործչին զբաղեցնել այդ պաշտոնը։ Սակայն օրենքով թույլատրելի լինելը դեռ չի նշանակում, որ ապահովված է քաղաքական անկախության նկատմամբ հանրային վստահությունը։
Իշխանությունների բաժանումը տարբեր շենքերում նստելը չէ։ Դա միմյանցից իրական անկախություն ունենալն է։
Սահմանադրական դատարանի առաքելությունն իշխանությանը ծառայելը չէ, այլ Սահմանադրությունը պաշտպանելը՝ անհրաժեշտության դեպքում նաև հենց այդ իշխանությունից։
Սահմանադրական դատարանը պետք է լինի իշխանության սահմանադրական հակակշիռը, ոչ թե իշխող քաղաքական թիմի շարունակությունը։
Իսկ արդարադատությունը պետք է ոչ միայն լինի անկախ և անաչառ, այլև հանրության աչքում այդպիսին ընկալվի»։