Ներքին 12 ժամ առաջ - 12:00 04-11-2026

ՔՊ-ն փորձում է ճնշումներով առաջ մղել իր ծրագրերը. Հարություն Մնացականյան

Գործող իշխանությունները ճնշումների և իզոլացման քաղաքականության միջոցով փորձում են չեզոքացնել ընդդիմադիր դաշտի խոչընդոտները՝ հանրաքվեի միջոցով առաջ մղելու արտաքին պահանջներից բխող սահմանադրական փոփոխությունները։ Նման տեսակետ է հայտնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի և ընդդիմադիր այլ գործիչների շուրջ զարգացումներին։

Մնացականյանի խոսքով՝ իշխող թիմի գործողությունները կանխատեսելի են, իսկ կիրառվող մեթոդները նպատակ ունեն կոտրելու քաղաքական դիմադրությունը։

«Փորձում են առաջարկ անել, ասում են՝ պիտի համոզենք։ Հիմա համոզում են, մենք էլ հո չենք համոզվում։ Իրենց նպատակն է, որպեսզի փորձեն առաջ մղել սահմանադրական փոփոխությունները, իսկ մենք ոսկոր ենք իրենց կոկորդին»,— նշել է նա։

Անդրադառնալով իշխանության քաղաքականությանը և ընդդիմադիր առաջնորդներին իզոլացնելու փորձերին՝ պատգամավորը սուր քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը՝ պնդելով, որ ներկայիս կառավարման փիլիսոփայությունը հանգում է միայն «քանդելուն, ոչնչացնելուն և ձախողելուն»։

Միևնույն ժամանակ, Մնացականյանը հայտարարել է, որ ընդդիմությունն ունի հստակ ռազմավարություն և առաջիկա երկու տարում սպասվում են քաղաքական «անակնկալներ»։

Ըստ նրա՝ պայքարը ընթանալու է բոլոր հնարավոր ձևերով, այդ թվում՝ չի բացառվում փողոցային պայքարի և միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորման տարբերակը։

Գործիչը հրաժարվել է բացահայտել մանրամասները՝ ընդգծելով, որ գաղտնի պլանների իրագործումն ունի իր հստակ ժամանակացույցը։

Ամենից շատ դիտված