Հայաստանը կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (GFMIS) ներդրումը կվստահի կանադական «Freebalance» ընկերությանը։
Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այսօր պատմական օր է Ֆինանսների նախարարության համար: Ստորագրվեց կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (GFMIS) ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական «Freebalance» ընկերության հետ»,– գրել է նախարարը:
Այսպիսով, ՀՀ իշխանությունները հույս ունեն բարձրացնել պետական ֆինանսների կառավարման համակարգի արդյունավետությունն ու հաշվետվողականությունն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են բյուջետավորումը, գանձապետարանը, պետական հատվածի հաշվապահական հաշվառումը, պետական գնումները, պետական պարտքը և ներքին աուդիտը:
«Freebalance»–ը, որի կենտրոնակայանը գտնվում է Օտտավայում, ֆինանսական կառավարման ծրագրակազմ է մատակարարում պետական մարմիններին: