Ուղիղ եթեր
Ներքին 43 րոպե առաջ - 19:23 23-10-2026

Քննարկվել են Հայաստանի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի համագործակցության ընդլայնման հնարավորությունները

COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գլխավոր գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույայի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարը:

«Քննարկել ենք Հայաստանի և հիմնադրամի համագործակցության ընդլայնման, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների մոբիլիզացման և ազգային առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ընդգծել եմ, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կանխատեսելի, բավարար և հասանելի ֆինանսավորում՝ համաշխարհային հանձնառությունները վերածելով գործնական արդյունքների։

Անդրադարձել ենք նաև Երևանում կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը՝ կարևորելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների հավաքագրումն ու երկրների կարողությունների զարգացումը։

Շնորհակալություն եմ հայտնել հիմնադրամին՝ Հայաստանի հետ երկարամյա գործընկերության և COP17-ի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վերահաստատելով համագործակցությունը համաժողովից հետո ևս շարունակելու մեր պատրաստակամությունը»,- ասվում է գրառման մեջ։