Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:03 02-03-2023

Ջերմուկում էկոլոգիական գլոբալ կատաստրոֆա ենք ունենալու

«Ամուլսարի խնդիրը, իհարկե, ո՛չ մեկ, ո՛չ էլ երկու տարվա խնդիր չէ, որի մասին անըդհատ բարձրաձայնվում է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով 2023 թվականի փետրվարի 22-ին, ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքած եռակողմ փոխըմբռնման հուշագրին։

«Մենք՝ մի քանի բնապահպաններով, հենց առաջին օրն արձագանքել ու բարձրացրել ենք խնդրի մասին։ Երբ որ եվրոպական գումար էր ուզում տրամադրել, մեր կազմակերպությունն այն կազմակերպությունն էր, որ միացավ բողոքին։ Դրանից հետո արդեն 2015-2016-ին մենք կազմեցիք փորձագիտական լուրջ խումբ, որն զբաղվում էր Ամուլսարի անկախ փորձաքննությամբ։ Այն ամբողջ փաստաթղթերը, որ մեզ մոտ էին, տրվել են և՛ նախկին, և՛ ներկա կառավարություններին։ Եվ երբ հարց ծագեց, որ տեղի փորձագետներն ու կազմակերպությունները չեն կարող ոչ կողմնակալ մոտեցում ունենալ Ամուլսարի հարցում, դրսից հրավիրվեց կազմակերպություն՝ «Էլարդ»-ը, որն արեց փորձաքննությունը»,- հիշեց բնապահպանը։

Ըստ Սիլվա Ադամյանի՝ փորձաքննության եզրակացության մեջ մի քանի կետ կար, որով անհնարին էր դառնում հանքի շահագործումը։

«Ասվում էր, որ «Լիդիան»-ի շրջակա միջավայրի փորձաքննությունը թերի է և՛ խորքային ջրերի, և՛ այլ հարցերի առումով։ Եվ այն ժամանակ կառավարությունն սկսեց մտածել, թե արդյո՞ք արժե այդ հարքը շահագործել։ Էսպես սա մնաց և բնապահպանները պարբերաբար հնչեցնում էին խնդիրը»,-ասաց նա։

Բնապահպանը հիշեցրեց դեռևս տարիներ առաջ հանքի տարածքում հանրային մեծ ընդվզման մասին, որով ակտիվիստներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում հանքի շահագործման գաղափարին։

«Չի կարելի մոռանալ այն մասին, որ այն ակտիվիստները, որոնք աշխատում էին բնապահպանների հետ համահունչ, իրենք էին, որ պահում էին հանքը, այլապես այնտեղ ինչ-որ գործողություններ անպայման կարվեին»,- ասաց նա։

Դրանից հետո էլ, բնապահպանի խոսքով, իրենք սպասում էին այսպիսի մի լուրի, վերջնական չէին վստահում իշխանությունների հայտարարություններին։

«Մենք գիտեինք, որ դա հնարավոր է՝ արվի, բայց որ այսքան արագ ու հանրությունից թաքուն կարվեր, չէինք ուզում հավատալ։ Չեք պատկերացնի, թե այս առումով մենք ինչ անակնկալի եկանք։ Որովհետև այդ ամեն ինչը շատ փակ արվեց, միանգամից հնչեցվեց։ Պետք է սկսել հատկապես նրանից, որ երկրի վարչապետն ի սկզբանե ասաց՝ եթե մենք տեսնենք որևէ խնդիր, որի հետևանքով անգամ շատ փոքր տոկոսով կարող է վնաս հասցվել Ջերմուկի տարածքին, ապա մենք թույլ չենք տա, որ այդ հանքը շահագործվի։ Ուզում եմ ասել, որ վարչապետի խոսքը, փաստորեն, չիրականացավ։ Ինքն էլ զրո քանի տոկոսն էլ, 50 տոկոսն էլ, ոչ մի բան հաշվի չառավ, և ստորագրեցին, այսպես կոչված, հանուն «տնտեսական օգնության» Ամուլսարի շահագործումը»,- ասաց նա։

Բնապահպանը հայտարարում է, որ դեռևս տարիներ առաջ իրենց հայտնած տեսակետն այսօր էլ չի փոխվել։ Ահազանգում են, որ հանքի տարածքում լուրջ խնդիրներ են առկա։

«Սկսենք նրանից, որ մեր փորձագետները, որոնք ուսումնասիրել էին տարածքը, հայտնաբերեցին, որ «Լիդիան ինթերնեյշնլ»-ը չի արել բավարար հետազոտություն՝ կապված խորքային ջրերի հետ։ Սա կարևորագույն հարցն է, որովհետև մենք գիտենք, որ այդ խորքային ջրերը կապ ունեն Ջերմուկի հանքային ջրերի հետ։ Եվ եթե այդ հետազոտության մեջ գրվածը չի արվել, գրված չէ, որ ազդեցություն ունի, օրինակ՝ 5 տոկոսի, 10 տոկոսի վրա, ապա դա մեծ վտանգ է ներկայացնում Ջերմուկին՝ որպես առողջարանի։ Եվ ընդհանրաես, որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք հասկանում ենք, որ Ջերմուկի նման տարածքում պարզապես չի կարող նման հանք շահագործվել։ Հողը, ջուրը, բուսական ու կենդանական աշխարհը շատ կտուժեն դրա հետևանքով։ Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ այդտեղ կան Կարմիր գրքում գրանցված թե՛ բուսական, թե՛ կենդանական տեսակներ»,- ասաց նա։

Բնապահպանը բարձրացնում է նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր ու վտանգավոր խնդրի՝ ուրանի առկայության մասին։

«Դեռևս Սովետական միության օրոք այդ հետազոտությունն արվել էր, հիմա էլ պարբերաբար տարածվում է տեղեկությունն այն մասին, որ այնտեղ ուրան կա։ Այդ հանքը չի կարելի բացել նաև հենց այդ ուրանի պատճառով։ Բայց ստացվում է այնպես, որ դա էլ հաշվի չի առնվում։ Այսինքն, մենք էկոլոգիական գլոբալ կատաստրոֆա ենք ունենալու Ջերմուկում։ Մի կողմից այն, որ մենք փչացնում ենք ամբողջ Ջերմուկի տարածքը՝ իր խորքային ջրերով։ Մյուս կողմից կարող ենք այդ խորքային ջրերի միջոցով վնասել նաև Սևանա լիճը, իսկ կարևորագույն խնդիրն այստեղ, իհարկե, ուրանի խնդիրն է։ Դրա մասին մեր հանրահայտ քիմիկոսներից Սանասարյանը (Հակոբ Սանասարյանը- խմբ․) շատ լուրջ խոսեց։ Ես դրա մասնագետը չեմ, բայց քանի որ ինքը քիմիկոս է, թվերով ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ կարող է ստեղծվել Ջերմուկում»,- ասաց նա։

Ըստ բնապահպանի՝ բոլորն են հասկանում, որ Ջերմուկի տարածքում առհասարակ հանք շահագործել չի կարելի։

«Չի կարելի և վերջ։ Սա պետք է երկրի ղեկավարությունը նույնպես հասկանար։ Հիմա էսպես նայում ենք, որ էկոնոմիկայի նախարարն ստորագրել է և վերջ, ամեն ինչ ավարտված է՝ ո՛չ։ Ես համոզված եմ, որ և՛ բնապահպանները, և՛ տեղի բնակչությունը պայքարելու են մինչև վերջ։ Սա հենց այնպես չի վերջանա, հասկանո՞ւմ եք։ Եթե իրենք հույս ունեն, որ այդ ամեն ինչը մի ստորագրությամբ կվերջանա, ապա ես, լսելով իմ գործընկերներին, իրենց ուզում եմ հավաստիացնել, որ դա էդպես չի վերջանալու։ Միայն հենց տեղի ակտիվիստները հրաշալի գիտեն ազդեցության մասշտաբը։ Իրենք են ոտքի կանգնելու»,- ասաց նա։

Բնապահպանն անդրադարձվ նաև վերջին շրջանում տարվող թեզին, թե Ջերմուկում հանքի գործելու դեպքում ադրբեջանցիները հարձակում չէին գործի։

«Սիրելիներ, չտեսա՞ք, թե Սոթքի հանքավայրում ինչ եղավ։ Ո՞վ հաշվի առավ, որ էնտեղ հանք կար։ Հարձակումը եղավ, հանքի մի մասն էլ անցավ իրենց։ Իրենց (ՀՀ իշխանությունների – խմբ․) խնդիրն այն է,որ գումարն իրենց գրպաններ գնան։ Բայց խնդրին տարբեր կողմերից երբեք չեն նայում։ Թե հետագայում այդ տարածքում ինչ կլինի, իրենց բացարձակ հետաքրքիր չէ»,- իր խոսքը եզրափակեց բնապահպանը։