Ներքին Տեսանյութ 45 րոպե առաջ - 17:30 19-10-2026

Մենք գորտի նման մարմանդ կրակի վրա դանդաղ եփվում ենք. ճարտարապետը՝ Երևանի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ճարտարապետ, նկարիչ Դավիթ Ստեփանյանի դիտարկմամբ՝ մայրաքաղաքում տիրող շինարարական անվերահսկելի տենդն ու բարձրահարկերի բումը ոչ թե քաղաքի զարգացում են հուշում, այլ վերածվել են «սթրեսի և ողբերգության բնի»։ Ըստ նրա՝ մենք ապրում ենք մեծ կոմերսանտների դարաշրջանում, որտեղ ամեն ինչ մասնավորեցված է, և հանուն գերշահույթի ոտնահարվում են քաղաքաշինական, անվտանգային ու բնապահպանական բոլոր նորմերը։Այսօր Երևանում վեր հառնող նորակառույց բարձրահարկերի մասին ճարտարապետը որևէ դրական գնահատական տալ չի կարողանում։ Դրանք կառուցվում են տարածքների գերծանրաբեռնմամբ՝ խլելով կանաչ գոտիները, արևի լույսն ու կոպտորեն խախտելով հակասեյսմիկ կանոնները։

Սրան գումարվում է ավտոկայանատեղերի իսպառ բացակայությունը, որը հանգեցնում է տրանսպորտային անլուծելի խցանումների, և ջրահեռացման համակարգերի կատարյալ կոլապսը։ Մասնագետի խոսքով՝ այդ շենքերը ջրահեռացման հետ լուրջ խնդիրներ են առաջացնում, քանի որ շատ դեպքերում նույնիսկ բնական ջրատարներն են կտրում, թափում, հիմքեր գցում ու տեղը շենքեր սարքում։ «Հոսող մակերեսները, արդեն էսպես ասած, ջրահեռացնող մակերեսներ կարծես թե չենք պահել․ արդեն ամբողջը վերից վար հոսող մակերեսներ են»,- նշում է նա։

Դավիթ Ստեփանյանն այս ամենը բնորոշում է որպես մշակութապիղծ երևույթներ, որոնք խաթարում են մեր տեսարանները, լեռնաշխարհն ու բնաշխարհը։ Խաթարվում են պատմական հուշարձաններն ու 3000 տարվա ընթացքում ստեղծված մոնումենտալ ազգային ճարտարապետական շերտերը, որոնք ժամանակին յուրահատուկ միջավայր էին ձևավորում։ Թեև կառուցապատողները փորձում են այս ամենը մատուցել իբրև դրսից ներմուծված արժեք, իրականությունն այլ է։ Քաղաքակիրթ աշխարհում բարձրահարկերն իրենց հստակ տեղն ու տարածություններն ունեն, իսկ արժեքավոր պատմական-ազգային միջավայրն անձեռնմխելի է։

«Մեր դեպքում ամբողջը այս սրբապղծությամբ է առաջ գնում։ Մենք ոտնահարում ենք ամենաթանկը․ ի վերջո ճարտարապետությունը մեզ համար նախ և առաջ մեր ինքնությունը կերտող գործոններից է։ Մենք նախ և առաջ ոտնատակ ենք տալիս դրանով մեր ինքնությունը, դե ապրելու համար էլ, ինչ խոսք, անանուն միջավայր է ձևավորվում»,- փաստում է բանախոսը։

Այս քաոսի հիմքում ընկած է հողատերերի ու կապիտալիստների՝ գերշահույթ ստանալու մոլուցքը։ Ըստ ճարտարապետի՝ այսօր «ամեն մետր քառակուսուց գումար են աշխատում, մեծ կոմերսանտների դարաշրջան է դարձել»։ Հողատերերը սիրում են գերշահույթ ստանալ, իրենք կապրեն ինչ-որ հեռավոր կղզիներում, իսկ այստեղ կբերեն մի խառնամբոխ, կբնակեցնեն ու չարքաշներին կլցնեն այս սպառողական, անտանելի աշխարհը։

Այս համատեքստում ճարտարապետն անդրադառնում է նաև Նորագյուղ թաղամասի կառուցապատման նոր նախագծին՝ այն որակելով հերթական «այլանդակ նախագիծ»։ Նմանատիպ ծրագրերը նա նմանեցնում է թշնամական երկրից եկած ներդրումների, որովհետև սեփական երկրի մասին մտածողը նման քայլի չի դիմի։ Նրա խոսքով՝ կարծես գնում է Հայաստանի համատարած «սինգապուրացման» ծրագիր։

Մանրամասները՝ տեսանյութում։ Հասմիկ Մովսիսյան