copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:09 02-12-2022

Դա կոչվում է վանդալիզմ․ ճարտարապետը՝ Հանրապետության հրապարակի շենքին արված անցքերի մասին

«Խնդիրն այն չէ, թե ինչ են արել կամ չեն արել։ Խնդիրն այն է, որ իրավունք չունեին անելու։ Այս դեպքում անգամ էական չէ, թե այդ անցքերը փոքր են, թե մեծ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ անդրադառնալով լուսավորության համակարգերի տեղադրման համար Հանրապետության հրապարակի շենքերի վրա արված անցքերի վերաբերյալ հարցին։

«Այդ շենքը ներառված է «Պատմամշակութային հուշարձանների պետական ցանկում»՝ որպես հանրապետական նշանակության շինություն։ Եվ միայն այդ շենքը չէ։ Ամբողջ հրապարակի համալիրն է հուշարձան։ Այդ կարգի շինությունների վրա ցանկացած փոփոխություն, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է արտաքին փոփոխությանը, պետք է 10 անգամ քննարկվի և համաձայնեցվի լիազոր մարմինների հետ։ Արդյո՞ք արվել է այդ գործը։ Կարծում եմ, որ այդ գործընթացին մոտ քայլ անգամ չի արվել»,- ասաց ճարտարապետը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի գնահատմամբ՝ մեր երկրում առհասարակ պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման վերաբերյալ անտարբեր վերաբերմունք է դրսևորվում։

«Դա միակ շենքը չէ։ Բազմաթիվ շենքեր այս տասնամյակների ընթացքում մեր աչքի առաջ ավերվեցին ու գնացին, որևէ մեկը որևէ պատիժ չկրեց»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակն, ըստ մասնագետի, Կառավարության բացթողման հետևանք է։

«Լիազոր մարմինն իր օղակներից մեկն է, որին բոլորովին չի հետաքրքրում այդ գործունեությունը։ Իրենք այլ հարցերով են զբաղված։ Դա է պատճառը, որ այդ վերահսկող մարմինն ստեղծելու անհրաժեշտությունն ավելորդ է թվում։ Մինչդեռ այդ մարմինն է, որ պետք է վերահսկեր այդ ամբողջ ընթացքը»,- ասաց նա։

«Օրենքով սահմանված է, որ այդ կարգի շենքերը՝ Հանրապետության հրապարակը կլինի, թե մյուս հուշարձանները, բոլորը պետք է ունենան պահպանման պայմանագրեր, որոնք պետք է կազմված և հաստատված լինեն լիազոր մարմնի կողմից։ Բայց այսօր պետական ցուցակում հազարավոր շենքեր ունենք, որոնցից որևէ մեկը չունի այդպիսի պայմանագիր։ Առաջին հերթին Կառավարական տունը, քանի որ պետական կառույց է, պետք է պարտավոր լիներ իր շենքի վերաբերյալ պայմանագիրը կնքել։ Այդ դեպքում աշխատողները կիմանային, թե այդ շենքի ներսում ու դրսում ինչ է կարելի անել, իսկ ինչ չի կարելի անել։ Պարզ է, չէ՞, որ այդ պատերն առանց իրենց գիտության չեն ծակվել։ Բայց իրենք չգիտեի՞ն, որ չի կարելի անել»,- հարցադրույթ հնչեցրեց նա։

Ճարտարապետն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանից հնչող հայտարարությանը, թե շենքի վրա արված անցքերը ներկայացվածից ավելի փոքր են, ու տոներից հետո դրանք փակվելու են։

«Իհարկե, իրենց կարծիքն են ասում, որ հա, ոչինչ, փոքր է, հեսա վաղը կսարքենք։ Իսկ ո՞վ ասեց, որ փոքր է կամ մեծ է։ Արդյո՞ք դա փոքր է կամ մեծ է։ Կամ արդյո՞ք իրենք իրավունք ունեին առհասարակ դա անել՝ առանց որևէ մեկին հարցնելու։ Թե՞ հարցրել են այն մարդկանց, որոնք այդ խնդրին տեղյակ չեն»,- ասաց նա։

Մասնագետը համեմատական տարավ ավելի վաղ ու միտումնավոր բացված անցքերի հատվածների վերականգնման միջև։

«Հիմա եթե մի քար է վնասվել կամ ինչ-ինչ պատճառով ընկել է, կարելի է այդ քարը նույնությամբ վերականգնել ու դնել տեղը։ Բայց երբ արհեստականորեն ջարդ ու փշուր են անում, դա կոչվում է վանդալիզմ։ Հիմա այդ անցքի չափով ու այլ հանգամանքներով պայմանավորված կարող է անգամ անհրաժեշտություն առաջանալ ամբողջ քարը փոխելու»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս դեպքում շենքին հասցված վնասը պետք է ամբողջությամբ փոխհատուցվի դրա պատասխանատուի կողմից։

«Եթե չեն ուզում որևէ մեկի պատժել, ապա պետք է պետք է հանձնարարվի լիազոր մարմնին, որպեսզի իրենք նախահաշիվ կազմեն, ուսումնասիրեն, և որոշում կայացնեն, թե ով է պատասխանատուն, ով է քանդել, և ում հաշվին պետք է վերականգնվի վնասը։ Հավանաբար, դա պետության հաշվին է վերականգնվելու»,- ասաց նա։

Ըստ մասնագետի՝ քաղաքապետարանից հնչող պնդումները, թե աղմուկն անհամեմատ մեծ է, և այն բարձրանում է միայն այսպիսի աշխատանքների դեպքում, ճարտարապետը նկատեց, որ դա ընդամենը խնդրից փախուստի դիմելու միջոց է։

«Ի՞նչ է նշանակում աղմուկ մի բարձրացրեք։ Եթե աղմուկ է բարձրանում, ուրեմն դա դրա համար պատճառ կա, և ազդեցություն է թողնում ձեզ վրա։ Հակառակ պարագայում ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնեիք այդ հարցին։ Շատ էլ, որ մեկը որևէ բան է ասել»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այսպիսի դեպքերում միակ քայլն այն պետք է լինի, որ ոլորտը Կառավարության ուշադրության ներքո պահվի։

«Այս ոլորտը Կառավարության ուշադրությունից դուրս է։ Այն իր որևէ միջոցառման ժամանակ, բոլորովին չի զբաղվում այդ հարցերով։ Չի երևում, որ որևէ մտահոգություն կա հուշարձանների պահպանման խնդրի առումով։ Այսինքն, մշակույթն իրենց չի հետաքրքրում․ լինի դա ճարտարապետություն, երաժշտություն, նկարչություն կամ այլ բան, նրանց քննարկման խնդիր չէ դա։ Հենց այստեղից էլ գալիս հասնում ենք այս պատկերին։ Դա նշանակում է, որ նրանք մշակութահեն մարդիկ չեն»,- եզրափակեց ճարտարապետը։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
18:23 «Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը