ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպմանը բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի և Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։
Դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Կողմերն անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ կարևորելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները դեսպանի հետ քննարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման ընթացքը։
Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում հայ–իրանական հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։
Խալիլ Շիրղոլամին իր հերթին կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերի ամրապնդումը, պարբերական հանդիպումները և միջխորհրդարանական գործակցության ընդլայնումը՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական խմբերի դերը։