Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 16:49 07-10-2026

Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալներ փոխանցել Ադրբեջանին. DW

Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարն, ըստ Der Spiegel-ի, կարող էր տվյալներ փոխանցել Ադրբեջանին։

Այս մասին հայտնում է DW-ն:

Քննիչները կարծում են, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը պաշտոնը թողնելուց հետո վերլուծական զեկույցներ է պատրաստել «օտարերկրյա հետախուզական ծառայության անվտանգության կառույցի աշխատակցի» համար, գրում է Der Spiegel-ը։ Պարբերականի տվյալներով՝ այդ անձը կարող էր լինել ադրբեջանական հետախուզության սպա։

Պետական ծառայությունից հեռանալուց հետո Հաննինգը տեղափոխվել է մասնավոր ոլորտ և աշխատել որպես խորհրդատու ու լոբբիստ։ Նրա զբաղեցրած պաշտոններից մեկը եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամի պաշտոնը։ Աուգուստ Հաննինգը Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Դրանից առաջ՝ 1980-ականների երկրորդ կեսին, նա աշխատել է Արևելյան Բեռլինում՝ ԳԴՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշտական ներկայացուցչությունում։

Այնտեղ Հաննինգը, մասնավորապես, զբաղվել է այն քաղաքացիների «գնումով» կամ ազատ արձակման կազմակերպմամբ, ովքեր ցանկանում էին ԳԴՀ-ից փախչել ԳՖՀ։ Գերմանիայի վերամիավորումից հետո Հաննինգը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բոննի կառավարությունում և համակարգել է հատուկ ծառայությունների գործունեությունը։ 2000 թվականի մարտին Հաննինգը անձամբ մեկնել է Չեչնիա, որտեղ այդ ժամանակ պատերազմ էր ընթանում։ Լրատվամիջոցները գրել էին, որ այդ այցի թույլտվությունը տվել էր անձամբ Վլադիմիր Պուտինը։

2005 թվականի փետրվարին BND-ի ղեկավարը նկատվել էր Ռուսաստանի դեսպանատանը՝ Ունտեր-դեն-Լինդեն պողոտայում կազմակերպված նորաձևության ցուցադրության հյուրերի թվում, որտեղ մասնակցում էին ռուս մոդելներ։ 2021 թվականին Հաննինգը Լոնդոնի դատարանին գրավոր ցուցմունք է տվել՝ ի պաշտպանություն Օլեգ Դերիպասկայի՝ նրա և ռուսաստանցի մեկ այլ օլիգարխի՝ Միխայիլ Չյորնիի միջև դատական գործընթացի շրջանակում։ Իսկ 2016 թվականին Բեռլինում մասնակցել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» հիմնադրամի կազմակերպած համաժողովին։ Հիմնադրամը ղեկավարում էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը։ 2019 թվականին Հաննինգը հայտնվել էր լատվիական բանկի սնանկության շուրջ ծագած սկանդալի կենտրոնում։

Բանկը պատկանում էր ռուս-բրիտանացի գործարար Գրիգորի Գուսելնիկովին։ BND-ի նախկին ղեկավարը այդ բանկի վերահսկիչ խորհրդի անդամ էր։ 2021 թվականին Լատվիայում Հաննինգի և այլ անձանց դեմ ավելի քան 30 միլիոն եվրոյի հայց էր ներկայացվել՝ բանկի պարտատերերին վճարումներ կատարելու նպատակով։ BND-ի նախկին ղեկավարը կարող էր կորցնել անշարժ գույքն ու ընկերություններում ունեցած բաժնեմասերը։ Նրա կենսաթոշակի մի մասը սառեցվել էր։ Հաննինգի ձերբակալության մասին՝ լրտեսության կասկածանքով, ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի Դաշնային գլխավոր դատախազությունը։

Դրա տվյալներով՝ BND-ի նախկին ղեկավարը, մասնավորապես, կասկածվում է պետական դավաճանության փորձի և այլ երկրի օգտին գաղտնի հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Հաննինգին կարող է սպառնալ վեց ամսից մինչև 10 տարվա ազատազրկում։

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
19:30 Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել