Ուղիղ եթեր
Ներքին 53 րոպե առաջ - 16:12 07-10-2026

Վեհափառը հրավիրել է խորհրդակցություն, որի մասնակիցները դատապարտել են ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում։

Ապա ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանն անդրադարձան Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնություններին՝ վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այս կապակցությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։ Ներկայացվեցին նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվեց, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվեց նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։

Ներկայացվեցին առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։

Նորին Սրբությունը կարևորեց ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, և հայցեց Տիրոջ զորակցությունը արդարության և ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը։

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան
19:30 Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել