Բրյուսելի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «Մաննեկեն Պիսը», սեպտեմբերի 21-ին «հագել» է հայկական ավանդական տարազ։
Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայտնի արձանի այսօրվա կերպարափոխությունը նվիրված էր Հայաստանի Անկախության օրվան։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, MR կուսակցության Բրյուսել ու արվարձաններ տարածաշրջանային կառույցի նախագահ Դավիթ Ուեյցմանը, Ժեթ համայնքի ավագանու անդամ Աննա Հովսեփյանը, «Մաննեկեն Պիսը»-ի պաշտպանությունը ստանձնած հասարակական կազմակերպությունը։
Դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ժեթիի համայնքի ավագանի Աննա Հովսեփյանին՝ նախաձեռնության և Հայաստանի համար Բրյուսելի սրտում «փոքրիկ տեղ» ապահովելու համար։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ «Մաննեկեն Պիսը» խորապես բրյուսելյան խորհրդանիշ է, որը տարիների ընթացքում դարձել է նաև ժողովուրդների միջև բարեկամության յուրօրինակ դեսպան։
«Սա Հայաստանի, Բելգիայի և Բրյուսելի միջև բարեկամության շատ գեղեցիկ պահ է»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ 35 տարի առաջ Հայաստանը վերագտավ իր անկախությունը, իսկ այսօր Բրյուսելում ներկայացվում են հայկական մշակույթը, պատմությունն ու ինքնությունը՝ ուրախության և բարեկամության մթնոլորտում։
Դեսպանը նաև ընդգծեց օրվա խորհրդանշական բնույթը՝ նշելով, որ «Մաննեկեն Պիսի»՝ հայկական տարազով ներկայությունն իր համար Հայաստանի և Բրյուսելի մերձեցման լավագույն վկայություններից մեկն է։
«Բրյուսելում դիվանագիտական կորպուսում, կարծես, կա մի փոքրիկ չգրված կանոն․ եթե դեսպանը իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել իր երկրի ազգային տարազով հագցնել «Մաննեկեն Պիսին», ապա նա իրականում Բրյուսելում դեսպան չի եղել։ Մի քանի տարի այստեղ լինելուց հետո հատկապես ուրախ եմ վերջապես ասել՝ մենք դա արեցինք»,- կատակով նշեց Տիգրան Բալայանը։
Դավիթ Ուեյցմանն էլ իր խոսքում նշեց, որ հայկական տարազի հետևում երկու երկրների միջև կապի գեղեցիկ պատմություն կա։
«Արդեն սերունդներ շարունակ հայ ընտանիքները Բելգիան դարձրել են իրենց երկիրը և իրենց ներդրումն են ունեցել նրա մշակութային կյանքում։ Բրյուսելում Էմպայնի վիլլան, որը վերականգնվել է Բողոսյան հիմնադրամի կողմից, դրա հիանալի օրինակն է։ Ուրախ եմ, որ այս պահը կիսեցի մեր բարեկամների հետ», - իր խոսքում նշել է բելգիացի քաղաքական գործիչը։
«Մաննեկեն Պիսի»՝ տարբեր երկրների և ժողովուրդների տարազներով հանդես գալու ավանդույթը Բրյուսելի քաղաքային մշակույթի առանձնահատուկ մաս է։ Տարվա ընթացքում արձանը տարբեր առիթներով ստանում է նոր զգեստներ՝ կապված ազգային տոների, պատմական իրադարձությունների, կազմակերպությունների և մշակութային նախաձեռնությունների հետ։
Այսօր այդ ավանդույթը Բրյուսելի սրտում հայկական մշակույթի և պետականության խորհրդանշական ներկայության հնարավորություն էր։
Քաղաքի կենտրոնում գտնվող փոքրիկ արձանը, որը տեսնելու համար տարեկան այցելում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ, մի քանի ժամով ներկայացնում էր Հայաստանը և հայկական ազգային մշակույթը։