Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 46 րոպե առաջ - 12:39 09-09-2026

Գազի թանկացումը կբերի նաև ապրանքների ու ծառայությունների թանկացման. տնտեսագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ՝ անդրադառնալով ինչպես բնակչության սոցիալական վիճակի, այնպես էլ մի շարք արտադրական ճյուղերի և բիզնեսների գործունեության վրա։ Գազի թանկացումը կարող է իր հերթին հանգեցնել տարբեր ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացման, ինչպես նաև լրացուցիչ ճնշում ստեղծել ընտանիքների եկամուտների վրա։

Oragir.News-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվել է, թե գազի հնարավոր թանկացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, որ ոլորտներն են առավել զգայուն դրա նկատմամբ, և ինչ այլընտրանքներ կարող է ունենալ Հայաստանը։

Մակարյանի խոսքով՝ առաջին և ամենաանմիջական ազդեցությունը զգալու են գազով ջեռուցվող ընտանիքները։ Եթե ձմռան ամիսներին գազի վճարները զգալիորեն ավելանան, ընտանիքները ստիպված կլինեն իրենց ծախսերի մի մասը կրճատել՝ կոմունալ վճարումները կատարելու համար։

«Եթե, օրինակ, չորս ամսվա ջեռուցման համար ընտանիքը վճարում է 200 հազար դրամ, իսկ գազի թանկացումից հետո այդ գումարը դառնում է 400 հազար կամ ավելի, այդ տարբերությունը պետք է ընտանիքի եկամուտներից փակվի։ Դա նշանակում է, որ ընտանիքը ստիպված է լինելու կրճատել սննդի, բուժման, ուսման և այլ ծախսերը, որ կարողանա վճարել գազի համար։

Այսօր էլ կան ընտանիքներ, որոնք գազ չեն օգտագործում հենց դրա բարձր արժեքի պատճառով և անցնում են այլ վառելիքի։ Գազի հետագա թանկացումը կարող է այդ խնդիրը ավելի խորացնել»,– նշել է տնտեսագետը։

Նրա գնահատմամբ՝ գազի թանկացումը զգալի ազդեցություն կարող է ունենալ նաև էներգատար արտադրությունների վրա, այդ թվում՝ հանքարդյունաբերության, մետաղաձուլության, շինանյութերի և այլ ոլորտների։

«Գազը Հայաստանի տնտեսության մեջ բավականին խորն է ինտեգրված։ Այն մեծ ծավալով օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում։ Հետևաբար, գազի գնի բարձրացումը առաջին հերթին կբարձրացնի արտադրանքի ինքնարժեքը, իսկ դա, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաև վերջնական գների վրա։

Օրինակ՝ ամրանների, մետաղական արտադրանքի, շինարարության մեջ օգտագործվող մի շարք նյութերի ինքնարժեքը կարող է բարձրանալ»,– ասել է Մակարյանը։

Տնտեսագետը չի բացառել նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար ռիսկերը։ Նրա խոսքով՝ գազի թանկացման պայմաններում որոշ տնտեսվարողներ կարող են պարզապես չկարողանալ կրել լրացուցիչ ծախսերը, ինչն իր հերթին կարող է անդրադառնալ աշխատատեղերի վրա։

Միաժամանակ, Մակարյանը կարծիք հայտնեց, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը պետք է արագացնի էներգետիկ այլընտրանքների զարգացումը՝ ավելի մեծ դեր տալով էլեկտրաէներգիային և արևային էներգետիկային։

«Եթե էլեկտրաէներգիայի գինը հնարավոր լինի նվազեցնել, ապա մի շարք արտադրություններ կարելի է գազից տեղափոխել էլեկտրական հոսանքի օգտագործման։ Այդ դեպքում գազից կախվածությունը կնվազի։

Պետք է նաև ավելի մեծ դեր տալ արևային կայաններին։ Բայց դրա համար պետք է համակարգային լուծումներ ունենալ, ոչ թե միայն առանձին ծրագրեր իրականացնել»,– ընդգծել է նա։

Մակարյանի խոսքով՝ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել նաև գազի թանկացման հետևանքները ժամանակավորապես մեղմելու նպատակով սուբսիդավորման մեխանիզմների կիրառումը։ Սակայն, ըստ նրա, պետությունը պետք է միաժամանակ աշխատի երկարաժամկետ լուծումների ուղղությամբ, որպեսզի սուբսիդավորումը չդառնա մշտական բեռ։

«Եթե գազի գինը թանկանում է, պետությունը պետք է լուծում ունենա։ Կարելի է որոշակի ժամանակահատվածում սուբսիդավորման մեխանիզմներ կիրառել, որպեսզի բնակչությունը և բիզնեսը միանգամից չհայտնվեն ծանր վիճակում։ Բայց դրան զուգահեռ պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որպեսզի տնտեսությունը կարողանա հարմարվել և աստիճանաբար նվազեցնել գազից կախվածությունը»,– նշել է տնտեսագետը։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ հակառակ դեպքում գազի թանկացման հետևանքները կարող են շղթայական լինել՝ սկսած ընտանիքների ծախսերի ավելացումից մինչև արտադրանքի ինքնարժեքի և շուկայական գների բարձրացում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի