Հայաստանում էլեկտրական ինքնագլորների երթևեկությունը կարգավորելու նպատակով 2026թ. օգոստոսից ներդրվում են նոր օրենսդրական սահմանափակումներ և 5000-10 000 դրամ տուգանքներ: ՀՀ ներքին գործերի նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հստակեցվել են դրանցով երթևեկելու տարիքային սահմանափակումները, թույլատրելի վայրերն ու արգելքները, իսկ կանոնները խախտելու դեպքում վարողները ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի փորձագետ Արտակ Խաչատուրովը թերահավատորեն է մոտենում նոր օրենսդրությանը։
Ըստ նրա՝ իրավապահները խնդրին միջամտում են միայն այն ժամանակ, երբ արդեն պատահար է տեղի ունեցել։ Փորձագետի պնդմամբ՝ Պարեկային ծառայությունը ֆիզիկապես ի վիճակի չէ փողոցում չափել և վերահսկել ինքնագլորի 20 կմ/ժ արագության սահմանափակումը։
Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ սարքերի արագությունը սահմանափակվում է ծրագրային մակարդակով՝ նախքան շահագործման հանձնվելը, Հայաստանում տեխնիկական զննության մեխանիզմներ չկան։ Արտակ Խաչատուրովը նշում է, որ այս օրենքը ոչ թե կանխարգելիչ բնույթ ունի, այլ ընդամենը իրավական հիմք է ստեղծում վթարներից հետո քննություն վարելու համար։
Նախկինում ինքնագլոր վարողները չունեին հստակ կարգավիճակ, ինչը իրավական լուրջ խնդիրներ էր ստեղծում։ Որպես հակադրություն՝ բանախոսը բերում է տրիցիկլների ու կվադրոցիկլների օրինակը, որոնց համար պետությունը կարողացավ հստակ կարգավորում մտցնել՝ սահմանելով պետհամարանիշներ և պարտադիր ԱՊՊԱ ապահովագրություն։
Մինչդեռ ինքնագլորների դեպքում, նույնիսկ 16-18 տարեկանների համար վարորդական իրավունքի պահանջը մնում է օդից կախված, քանի որ չկա պետհամարանիշի համակարգ։ Արդյունքում՝ փողոցներում տիրում է բացարձակ թողտվություն, ինչին ականատես են լինում հենց իրենք՝ վարորդները։
Հիշեցնենք՝ Էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021 թվականից։ Երեւանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան