Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ու նրան պատկանող ընկերությունների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք պայքարում են ոչ թե որևէ անձնական շահի, այլ իրենց իրավունքների համար։
«Բոլորս դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի հանդեպ այս անարդար վերաբերմունքը։ Մենք գնում ենք ընտրությունների, որ բոլորի կյանքը լավանա, ոչ թե ընտրություններից հետո մի քանի օր անց բոլորս այս վիճակում հայտնվենք։ Հույս ունեմ, որ մեր բողոքը կհասնի պատկան մարմիններին, և կհասկանան, որ նման ձևով չի կարելի վերաբերվել մարդկանց»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ եթե իրավիճակում փոփոխություններ չլինեն, իրենք շարունակելու են իրենց ակցիաները։
«Ինձ ոչ ոք գումար չի տվել այստեղ գալու համար։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ իմ իրավունքները պաշտպանելու։ Ես իմ ղեկավարին շատ եմ սիրում, այդ մարդը շատ բան է արել թե՛ երկրի, թե՛ իր աշխատակիցների համար, և ես բարոյական իրավունք չունեմ այսօր չսատարելու պարոն Ծառուկյանին»,– նշել է նա։
Ակցիայի մասնակիցը նաև ասել է, որ իրենցից մի քանի ներկայացուցիչների հրավիրել են հանդիպման, որտեղ պատրաստվում է բարձրաձայնել իրենց պահանջները։ Նշենք, որ խոսողը ներկայանում է որպես «Մուլտի Գրանդ» խմբի աշխատակից։
Տեսանյութ:
Մերի Հակոբյան