«Ընդդիմադիր կառույցի գործիչը իրավունք չուներ շնորհավորելու, որովհետև այն մարդը, ում նա շնորհավորել է, ամեն ինչ անում է, որպեսզի հենց իր կուսակցությունը ենթարկվի ճնշումների, սև փիառի և այլ գործողությունների»,- այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով համացանցում լայն քննարկումների պատճառ դարձած իրավիճակին, երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Աբովյանը շնորհավորել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին՝ զավակ ունենալու կապակցությամբ։ Բադալյանի խոսքով՝ թեև երեխայի ծնունդը մարդկային առումով կարող է լինել շնորհավորանքի առիթ, սակայն քաղաքական դաշտում նման քայլերը չեն կարող դիտարկվել միայն մարդկային հարաբերությունների շրջանակում։
«Իհարկե, կարող է թվալ, որ սա մի փոքր հարց է, որովհետև խոսքը վերաբերում է ընտանիքում ուրախ իրադարձությանը՝ երեխայի ծննդին։ Բայց քաղաքական դաշտում դու չես կարող միայն այդ տրամաբանությամբ առաջնորդվել։ Երբ դու մտնում ես քաղաքականություն, պետք է լուրջ վերաբերվես քաղաքական գործընթացներին»,- նշեց նա։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ընդդիմադիր գործիչը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, թե ում է ուղղված իր քայլը, և ինչ քաղաքական միջավայրում է դա տեղի ունենում։
«Չի կարելի մտածել, որ եթե դու բարոյական եղար, դիմացինն էլ բարոյական կլինի։ Այդպես չի լինում։ Եթե դու մտնում ես քաղաքական դաշտ, պետք է հասկանաս, որ դիմացինը քեզ կարող է դիտարկել որպես հակառակորդ կամ նույնիսկ թշնամի, և դու պետք է հաշվի առնես այդ հանգամանքը»,- ասաց Բադալյանը։
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե պարզապես շնորհավորելու փաստն է, այլ այն, որ այդ քայլը կատարվել է քաղաքական հակասությունների պայմաններում. «Դու շնորհավորում ես այն մարդուն, որը մշտապես քո կուսակցության դեմ է հանդես գալիս, քո կուսակցությանը սևացնում է, սև փիառ է անում քո դեմ։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ես դա անում։ Քաղաքականության մեջ պետք է հաշվի առնել ոչ միայն անձնական, այլև քաղաքական հարաբերությունները»։
Բադալյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ թեման մեծ քննարկումների առիթ է դարձել՝ նշելով, որ դա ևս խոսում է քաղաքական դաշտի խնդիրների մասին։ «Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերի համար այսպիսի փոքր հարցն է դառնում ամենամեծ քննարկման առարկան, ապա նրանք պետք է մտածեն՝ ինչո՞ւ չեն կարողանում այլ, ավելի լուրջ հարցերի շուրջ օրակարգ ձևավորել։ Ինչո՞ւ չկա այնպիսի հարց, որի շուրջ կարող են հասարակական մեծ քննարկում առաջացնել»,- նշեց նա։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ տվյալ իրավիճակը ավելի շատ վերաբերում է բարոյականության, այլ ոչ թե քաղաքականության դաշտին. «Սա քաղաքական մեծ հարց չէ, սա բարոյականության ոլորտում գտնվող հարց է։ Բայց այն դարձել է քաղաքական քննարկման առարկա, և դա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում կան լուրջ խնդիրներ։ Երբ ավելի կարևոր թեմաների շուրջ քննարկումներ չեն լինում, նման փոքր հարցերը սկսում են մեծ տեղ զբաղեցնել»։
Նրա գնահատմամբ՝ այս պատմությունը ցույց է տալիս նաև ընդդիմադիր ուժերի օրակարգային խնդիրները։
«Այն, որ նման մանր, ոչինչ չասող հարցը դառնում է ամբողջ ֆեյսբուքյան և լրատվական դաշտի քննարկման թեմա, ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի թերացությունը»,- եզրափակեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նշենք, որ Արմեն Աբովյանի մեկնաբանությունը սոցիալական ցանցերում տարբեր արձագանքների էր արժանացել։ Մի մասը նշել էր, որ երեխայի ծնունդը քաղաքական տարաձայնություններից վեր մարդկային իրադարձություն է, իսկ մյուսները քննադատել էին այդ քայլը՝ հիշեցնելով Տարոն Չախոյանի և ընդդիմադիր շրջանակների միջև առկա սուր հակասությունները։
Մերի Հակոբյան