Ներքին 1 ժամ առաջ - 22:26 22-07-2026

Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Վերջին 2 ամսվա ընթացքում 5-րդ անգամ կարկուտից վնասներ կրած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման։ Նրանց կրած վնասների չափը դեռևս հայտնի չէ։

Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի փոխանցմամբ՝ կարկուտից մեծ վնասներ կրած համայնքներն են Ախուրյանը, Աշոցքը, Ամասիան, Անին։ Միայն Արթիկ համայնքն է, որտեղ կարկուտը ավերածություններ չի պատճառել։

Համայակյանը Oragir.News-ին հայտնել է, որ միայն հասցրել են նախորդ տարվա փոխհատուցումները տրամադրել և ակտ են կազմել հունիս ամսվա կարկուտի վնասների վերաբերյալ։

Շիրակի մարզի գյուղացիները կրկին կանգնած են նույն խնդրի առաջ․ կարկուտը վնասել է ցանքատարածություններն ու տնամերձ հողերը, սակայն տուժածները դեռ չգիտեն՝ ինչ չափի վնաս է արձանագրվելու և արդյոք փոխհատուցում կստանան։

Տարբեր բնակավայրերում ստեղծված հանձնաժողովները տեղում ուսումնասիրում են վնասները, կազմում արձանագրություններ, բայց գյուղացիների խոսքով՝ գործընթացը ձգձգվում է, իսկ իրենք սպասում են հստակ պատասխանների։

Գյուղացիները ահազանգում են, որ վնասվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, բերքը, որոշ դեպքերում՝ նաև տանիքներ և գույք։

«Մենք հիմա չգիտենք՝ ինչքան վնաս է հաշվարկվելու, ինչ է լինելու հետո։ Բերքը կորել է, բայց պատասխան դեռ չկա»,- ասում են բնակիչները։

Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ մինչև վնասի չափերի վերջնական գնահատումը և հնարավոր աջակցության տրամադրումը կարող է երկար ժամանակ անցնել, մինչդեռ գյուղատնտեսական սեզոնը շարունակվում է։

Շիրակի մարզում նախորդ տարիների կարկտահարություններից հետո փոխհատուցման գործընթացներ իրականացվել են, սակայն դրանք ևս տրվել են վնասների հաշվարկից և համապատասխան փաստաթղթավորումից հետո։

Տուժած գյուղացիներն այժմ սպասում են ոչ միայն վնասի վերջնական գնահատմանը, այլև պատասխանին՝ արդյոք պետությունը կաջակցի՞ իրենց կրած վնասները մեղմելու հարցում։

Աշոցք խոշորացված համայնքի Գոգհովիտ բնակավայրի բնակիչ Համլետ Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ տրված փոխհատուցումը շատ քիչ է՝ իրենց ներդրած ծախսերի համեմատ։ Գյուղացիները հուսահատված չեն, բայց պատկան մարմիններից էլ ակնկալիքներ չունեն։

Նշենք, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնյան նշել է, որ այժմ տեղում իրականացվում է վնասների գույքագրում, կազմվում են համապատասխան արձանագրություններ, որոնք կներկայացվեն մարզային հանձնաժողովի քննարկմանը։ Դրանից հետո կազմված ակտերը կուղարկվեն կառավարության հանձնաժողով։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը