Ներքին 1 ժամ առաջ - 16:00 17-07-2026

Բալանսավորման խաղերը դուրս կգան փողոց, կվերածվեն բախումների

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՔՊ-ական իշխանությունների լղոզված արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու էր ճգնաժամի և քաղաքացիական հուզումների, քանի որ ժողովրդի համար պարզ չէ, թե ՀՀ-ն ի՞նչ կուրս է վարում։

Հուլիսի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի նախագիծը՝ ՀՀ Սահմանադրության մեջ լրացում կատարելու մասին հանրաքվե անցկացնելու նպատակով համապետական ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ։ Սահմանադրության մեջ լրացում կատարելու նպատակն է չեզոքացնել և կանխել 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական և սոցիալական վտանգներն ու ճգնաժամը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետևանքով։ Նախագծով առաջարկվում է Սահմանադրությամբ արգելել ՀՀ-ին ստորագրել այնպիսի միջպետական պայմանագրեր, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում ՀՀ-ի կողմից ստորագրված և արդեն գործող այլ միջպետական պայմանագրերի հետ։

Ինչպիսի՞ն կլինի իշխանությունների արձագանքը։ Նրանք կաջակցե՞ն այս նախաձեռնությանը։

Նկատենք, որ ԿԸՀ-ն միաձայն՝ 7 կողմ ձայնով, հաստատել է այս նախագիծը՝ նախաձեռնողների համար կանաչ լույս վառելով։ Այսինքն՝ ԿԸՀ անդամներից ոչ ոք մտավախություն չի ունեցել, որ այս նախաձեռնությունը սպառնում է անկախությանը և ժողովրդավարությանը։ Այնինչ նախաձեռնության հեղինակները բացեիբաց ընդգծում են, որ նպատակ ունեն կասեցնել 2025 թվականի մարտի 26-ին ԱԺ-ի ընդունած օրենքով սկսված ԵՄ-ին միանալու գործընթացը։

Եթե ԿԸՀ-ում ոչ ոք դեմ չէ այս նախաձեռնությանը, ապա ենթադրելի է, որ ԱԺ-ում և Կառավարությունում նույնպես դեմ չեն։ Եվ ինչպես Եվրաքվեի ժամանակ, այս անգամ ևս իշխանությունները կարող են աջակցել ստորագրահավաքին՝ տրամադրելով ՏԻՄ-երի ռեսուրսները։ Ինչպես 2025-ին էին ձևացնում, թե ԵՄ-ին միանալու կողմնակից են, այնպես էլ հիմա կարող են ձևացնել, թե ԵՄ-ին չմիանալու կողմնակից են և նույն նվիրումով աջակցել ստորագրահավաքին։ Իսկ եթե Փաշինյանին հարցնեն, թե ինչո՞ւ է լռելյայն աջակցում ԵՄ-ին միանալու դեմ կազմակերպված այս արշավին, ապա նա կարող է ասել, որ վարում է բալանսավորման քաղաքականություն. հենց սա է բալանսավորման քաղաքականությունը։

Իսկ որտեղի՞ց եկավ այս բալանսավորման քաղաքականությունը։ Հիշենք, որ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո պարբերաբար տրտնջում էր, որ Ռուսաստանը հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին։ Մոսկվան տարեկան մի քանի միլիարդ դոլարի զենք էր մատակարարում Բաքվին, իսկ Սերժ Սարգսյանի տրտունջներին ի պատասխան ասում էր, թե Կրեմլը բալանսավորման քաղաքականություն է վարում։

Այսինքն՝ բալանս է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հավասարապես զենք վաճառելով նրանց։ ՌԴ-ին հասցեագրված տրտունջներն ակտիվացան 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ-ն կռվում էր 80-ականների զենքով, իսկ Ադրբեջանը՝ ռուսական ժամանակակից սպառազինությամբ։ Մոսկվան ասում էր, որ սա ընդամենը բիզնես է, և բալանսը պահելու համար մի քանի տեսակի զենք էլ ՀՀ-ին տվեց, մասնավորապես՝ «Իսկանդերը», որը, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության, 44-օրյա պատերազմի ժամանակ 10 տոկոսով էր կրակում։

Հիմա էլ բալանսավորման քաղաքականություն են վարում ՔՊ-ական իշխանությունները։

Նրանք և՛ ԵԱՏՄ-ում են ուզում մնալ, և՛ ԵՄ-ին միանալ, և՛ ՌԴ-ի հետ են առևտուր անում, և՛ ԵՄ-ի հետ։ Այսպես էլ Փաշինյանն է բալանս պահում։ Այս բալանսավորումը հանրության կողմից անխուսափելիորեն արձագանք էր ստանալու, և վերոնշյալ նախաձեռնությունը դրա վկայությունն է։ ՔՊ-ն, որպես տաղանդավոր բալանսավորող, կարող է հիմա էլ աջակցել «Եվրասիական ալյանսին» և Սահմանադրության մեջ կատարել առաջարկվող փոփոխությունը։

Սակայն այստեղ մի նրբություն կա։ Բանն այն է, որ Եվրամիությանն անդամակցելու ջատագովները, անկախության և ժողովրդավարության կողմնակիցները, հնարավոր է՝ դուրս գան փողոց և փորձեն պաշտպանել իրենց նվաճումը՝ մարտի 26-ի օրենքը։ Չի բացառվում, որ այս դիմակայությունը վերածվի բախումների, այսինքն՝ փողոցում բախվեն ռուսամետներն ու արևմտամետները։ Այս պարագայում ՔՊ-ական իշխանություններն ինչպե՞ս են բալանսավորելու։ Ենթադրելի է, որ նրանք շաբաթվա կենտ օրերին կպաշտպանեն ռուսամետներին, իսկ զույգ օրերին՝ արևմտամետներին՝ յուղ լցնելով կրակի վրա։

Կարճ ասած՝ Փաշինյանի բալանսավորման քաղաքականությունը, հավանաբար, դուրս կգա փողոց և կվերածվի բախումների։ Դրանցից խուսափելու միակ տարբերակն այն է, որ կողմերից մեկը զիջի դիրքերը, հրաժարվի իր սկզբունքներից՝ հանուն ներքին խաղաղության։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
17:57 Կադրային փոփոխություններ Կիևում. ինչու՞ պաշտպանության նախարարն ազատվեց աշխատանքից և ով կփոխարինի նրան