Ներքին 3 ամիս առաջ - 18:48 16-07-2026

Հայրենիքը և պետականությունն ընկալվում են որպես Աստվածապարգև կենսատարածք, որտեղ ազգերը կոչված են ազատորեն իրացնել իրենց իրավունքները

Բ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ Է ՍՐԲՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՏ:

Այսպես է եկեղեցու ընկալումը նրանց մասին, ովքեր Քրիստոսի սիրո և անվան համար և օրինակով հանձն առան նահատակության պսակը` որպես հավատարմության բարձրագույն նշանակ և վկայություն, որպես հավիտենական սերմեր` ցանված երկրի վրա, «ովքեր մեծացնում են երկիրը և ցույց տալիս երկնային ճանապարհի ելքը... նրանք, որ իրենց Տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան, իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին... նրանք Երկնավոր Արքայի գանձն են երկրում ծածանված» (Ագաթանգեղոս):

Քրիստոնյա համայնքի համար նահատակությունը մեծագույն ուրախություն էր` հաստատ համոզումով և ապրումով, որ նահատակները մասնակից են Տիրոջ փրկագնող չարչարանքներին և Քրիստոս ներկա է նրանց խոստովանական մահվան ժամին: Եկեղեցում չկա ավելի մեծ նմանություն կամ նույնություն փրկչական խորհրդին, քան մարտիրոսների և նահատակների վկայական մահը, որի պատճառով էլ այն համարվում է Արյան Մկրտություն.
«Նահատակք պանծալիք եւ
Սիրեցեալք ի յերկնաւոր Հաւրէն.
Որք մկրտեցայք ընդ Քրիստոսի
Արեամբ ձերով ի մահ խաչին...»
(Սբ Ներսես Շնորհալի)

Իմիջիայլոց, այս բարձրագույն ճշմարտությունը իր մանկական շուրթերով և արտասվալից աչքերով, թերևս անգիտակցորեն, բայց անմեղ հոգով 2021թ-ին հնչեցրեց այն ժամանակ 10-ամյա կայանավանցի (Իջևանի շրջան) Յուրան. «Ես ուզում եմ, որ մեր հերոս տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք»:

Նահատակները կոչվել և կոչվում են Վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև իրենց կյանքով և հատկապես մահվամբ վկայում են ճշմարտության, արդարության, իրավունքի, ազատության և հավերժական արժեքների և գաղափարի մասին.
«Մարտիրոսք ցանկալիք
եւ աւթեւանք հոգւոյն ճշմարտութեանն,
որք հաղթեցիք հագւով և կարեաց ցանկութեան»
(Սբ Ներսես Շնորհալի)

Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը, սրբությունը` սրբադասելով նրանց որպես Հաղթանակած եկեղեցի: Այս իմաստով, նվիրումի բարձրագույն աստիճանը` նահատակության և սրբադասման սկզբունքը կազմել է Ե դարում ձևավորված «Վասն Հիսուսի, Վասն Հայրենեաց» գաղափարական բանաձևային հայտարարությունը, որն էլ որպես հավատքի և քրիստոնյա Հայրենիքի գաղափարների միություն, դարերի հոլովույթում մինչև այսօր առանցքային դերակատարություն է ունեցել մեր ազգի գոյության և կյանքի շարունակականության համար:

Հատկանշական է, սակայն, որ հավատքի և Հայրենիքի գաղափարը միաձուլված են ոչ միայն մեր ազգի պարագային, այլև բոլոր ազգերի` Հայրենիքը և պետականությունն ընկալելով որպես Աստվածապարգև այն կենսատարածքը, որտեղ կոչված են ազատորեն իրացնել իրենց իրավունքները` սեփական ինքնությանը հարազատ` ներառյալ հավատքի պաշտամունքը:

Այս առումով բացառիկ է հարևան Իրանի փորձառությունը, որտեղ անկախ դավանանքից և կրոնից, սուրբ նահատակ, վկա (շահեդ- شاهد) են հռչակված բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքն ընծայել են նաև հանուն Հայրենիքի և պետության (Իսլամ միջավայրում սուրբ նահատակ են հռչակված հայ-քրիստոնյաներ, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, որոնց անուններով նաև փողոցներ, հրապարակներ և այլն են անվանակոչված` անուն ազգանունից առաջ գրված շահեդ (օրինակ` շահեդ Մարգար Մարգարյան)):

Այսպիսի միահավասար բացարձակ արժեքի` Հայրենիքի և հավատքի միարժեք լինելու հասկացությունը խորքային բովանդակությամբ արտահայտված է դեռևս Ե դարում. «Ընտրեսցուք զմահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» (Եղիշե, էջ 72):

Շարունակելի...

Բագրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ