Oragir.News-ն օրեր առաջ՝ 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն վերտառությամբ
հոդված էր հրապարակել։
Հոդվածում նշել էինք, որ տասնամյակների պատմություն ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի քիչ գումար է հավաքում, քան վարչապետի տիկնոջ հիմնադրամը։
Բացի դա, հաշվետվությանը կից ծանոթագրությունների «Հիմնադրամի մասին» բաժնում պաշտոնապես արձանագրված է կառուցվածքային էական փոփոխություն: Համաձայն փաստաթղթի՝ հիմնադրամի դուստր ձեռնարկության՝ «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի գործունեությունը 2025 թվականի ապրիլի 1-ից դադարեցվել է:
Oragir.News-ն իր գրավոր հարցման մեջ հիմնադրամի տնօրինությանը խնդրել էր պարզաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված հիմնադրամի դուստր ձեռնարկության՝ «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի գործունեության դադարեցումը 2025թ. ապրիլի 1-ից։ Ինչպես նաև՝ ինչպե՞ս է ստացվում, որ խոշոր գիտակրթական հիմնարկի փակման պայմաններում հիմնադրամի ստացած նվիրատվություններն ու դրամաշնորհները 2024թ. համեմատ աճել են շուրջ 283.5 միլիոն դրամով։
Ի պատասխան մեր հարցմանը ՝ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են․ «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկը ստեղծվել է 2022 թվականին՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի իրականացման նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հիմնարկը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դուստր ձեռնարկությունը չէ, այլ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն (հիմնարկ) է։
Հիմնարկի գործունեությունը դադարեցվել է 2025 թվականի փետրվարին, քանի որ նպատակահարմար է համարվել 2025–2026 ուսումնական տարվանից «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն իրականացնել Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։ Թեև Հիմնարկը պետական հաշվառումից հանված չէ, ներկայումս այն գործունեություն չի ծավալում։
Հայտնում ենք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ստացած նվիրատվությունների և դրամաշնորհների ծավալը որևէ կերպ պայմանավորված չի եղել «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի գործունեության կամ դրա դադարեցման հետ։ Հետևաբար նվիրատվություններն ու դրամաշնորհները իրականացվել են բնականոն կերպով «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամին՝ ընթացիկ ծրագրերին աջակցելու համար, այդ թվում՝ «Quanta» մագիստրոսական ծրագրի իրականացման նպատակով»,- ասվում է Հիմնադրամի գրավոր պատասխանում։
Հասմիկ Մովսիսյան