Երեկ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,
Oragir.News-ի հետ
զրույցում անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Հանրապետության երկրորդ քաղաքը փաստացի ամենամեծ խնդիրների առաջ կանգնած քաղաքներից մեկն է, և խնդրին պետք է օր առաջ լուծում տրվի։
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը, արձագանքելով այդ գնահատականներին, հայտարարել է. «Տեսան՝ ճգնաժամ չկա, հիմա բառախաղի հետևից են ընկել։ Բազմիցս անդրադարձել եմ և չեմ էլ ուզում մեկնաբանել մարզպետի ասածները։ Կառավարել նշանակում է նաև անօթևանության խնդիրը լուծել, որը 8 տարվա մեջ չի լուծվել։ Քաղաքի առաջնային խնդիրները մենք գիտենք և բազմիցս բարձրաձայնել ենք։ Բա բնակարանաշինության սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներկայացնում ենք, էդ քաղաքինը չէ՞, քաղաքի բնակիչների համար չէ՞։ Քաղաքացիների ընդունելությունների օրերին եկեք և տեսեք, թե քաղաքացիները ինչ են ուզում կառավարությունից։ Մարդիկ հարցնում են՝ ե՞րբ պիտի լինի մեր տունը։ Սա առաջնային խնդիր է, որը քաղաքային բյուջեով հնարավոր չէ լուծել։ Թող իրենք՝ որպես կառավարող, գտնեն լուծումներ»։
Անդրադառնալով նաև պատգամավորական մանդատ ստանձնելու հարցին՝ Ավետիս Առաքելյանը նշեց, որ վերջնական որոշում դեռ չի կայացրել։ «Ես դեռևս չեմ որոշել, անպայման կհայտնեմ։ Քաղաքը չենք զիջելու։ Մենք էլ ենք ժողովրդի կողմից ընտրված, 30 հազար քվե մեզ են տվել։ Ինչո՞ւ, մենք ընտրված չե՞նք։ Մարզպետն իր կարծիքն է հայտնել, ես ինչ ասեմ»։
Հիշեցնենք, որ Ավետիս Առաքելյանը խորհրդարան անցած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի 6-րդ համարն է։
Անահիտ Չալիկյան