Իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պնդելու, թե Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որտեղ քաղաքացիները կարող են ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել, ցանկության դեպքում՝ նաև իշխանափոխություն իրականացնել։ Այս պնդումը, որին քչերն էին հավատում, բառացիորեն ի չիք դարձավ այն բանից հետո, երբ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի գրչի մեկ հարվածով ԲՀԿ-ն դուրս թողնվեց խորհրդարանից, ինչի հետևանքով 9-րդ գումարման ԱԺ-ում 4-ի փոխարեն ներկայացված կլինի 3 ուժ, իսկ կառավարող ուժը կունենա որակական մեծամասնություն՝ մանդատների ⅗-ը։
Քաղաքագիտական աքսիոմա է՝ որքան ժողովրդավարական է երկիրը, այնքան տվյալ երկրի խորհրդարանում ավելի մեծ թվով ուժեր են ներկայացված լինում։
Oragir.News-ը ուսումնասիրել է 1995-2026 թվականներին Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած խորհրդարանական 9 ընտրությունների արդյունքները՝ հասկանալու համար, թե որ թվականին քանի ուժ է անցել խորհրդարան, և ո՞ր գումարման խորհրդարաններում է քաղաքական ուժերի ներկապնակն ամենագունեղը եղել։
Առաջին գումարման ԱԺ ընտրությունները տեղի ունեցան Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝
1995 թվականի հուլիսի 5-ին, որոնց արդյունքներով Ազգային ժողովում հայտնվեց 5 քաղաքական ուժ․
«Հանրապետություն» միավորում – 42.66%
«Շամիրամ» – 16.88%
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 12.10%
Ազգային-ժողովրդավարական միություն – 7․51%
Ազգային ինքնորոշում միավորում – 5.57%Առանցքային ընդդիմադիր ուժերից ՀՅԴ-ն այս ընտրություններին չկարողացավ մասնակցել, քանի որ դեռևս 1994 թվականի դեկտեմբերից Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով վերջինիս գործունեությունը կասեցվել էր, և այն վերականգնվեց միայն այն բանից հետո, երբ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՅԴ-ն առաջին գումարման ԱԺ-ում ուներ 1 պատգամավոր՝ Ռուբիկ Հակոբյանը, ով ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով։
Հայաստանի
երկրորդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրություններն անցկացվեցին
1999 թվականի մայիսի 30-ին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում։ Ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարավ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը, սակայն խորհրդարանում ներկայացված էր թվով 6 քաղաքական ուժ․
«Միասնություն» դաշինք – 41.69%
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 12.09%
«Իրավունք եւ միաբանություն» դաշինք – 7.96%
ՀՅԴ – 7.86%
«Օրինաց երկիր» կուսակցություն – 5.28%
Ազգային ժողովրդավարական միություն – 5.17%Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կայացան
2003 թվականի մայիսի 25-ին՝ կրկին Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այս անգամ ևս ԱԺ-ում հայտնվեց 6 քաղաքական ուժ․
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 23․66%
«Արդարություն» դաշինք – 13․71%
«Օրինաց երկիր» կուսակցություն – 12,60%
ՀՅԴ – 11․45%
Ազգային միաբանություն կուսակցություն – 8.91%
Միավորված աշխատանքային կուսակցություն – 5.67%Այս ընտրություններում քաղաքական ուժերից ոչ ոք մեծամասնություն չէր ստացել խորհրդարանում, ուստի ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ձևավորեցին կոալիցիոն կառավարություն, սակայն 2006-ին ՕԵԿ-ը լքեց այն։
Չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան
2007 թվականի մայիսի 12-ին՝ կրկին Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում հայտնվեց 5 քաղաքական ուժ․
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 32.8 %
Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 14.7 %
ՀՅԴ – 12.70 %
«Օրինաց երկիր» կուսակցություն – 6.80 %
«Ժառանգություն» կուսակցություն – 5.80 %Ընտրություններից հետո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ձևավորեցին կոալիցիոն կառավարություն, որին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո միացավ նաև ՕԵԿ-ը։ 2009-ի ապրիլին ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իշխանությունների վարած քաղաքականության հետ ունեցած անհամաձայնության պատճառով։
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեցին
2012 թվականի մայիսի 6-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում։ Ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում հայտնվեց 6 քաղաքական ուժ․
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 44.02%
Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 30.12%
Հայ ազգային կոնգրես – 7.08%
«Ժառանգություն» կուսակցություն – 5.76%
ՀՅԴ – 5.67%
«Օրինաց երկիր» կուսակցություն – 5.51%Չնայած ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքներով կարող էր միանձնյա կառավարություն ձևավորել, այնուամենայնիվ, կոալիցիա կազմեց ՕԵԿ-ի հետ, որը 2 տարվա կյանք ունեցավ և գործեց մինչև 2014 թվականը։ 2016-ի փետրվարին կոալիցիա կազմեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կայացան
2017 թվականի ապրիլի 2-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին տարում։ Ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում հայտնվեց 4 քաղաքական ուժ․
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 49․15 %
«Ծառուկյան» դաշինք – 27․35 %
«Ելք» դաշինք – 7․78 %
Հայ հեղափոխական դաշնակցություն – 6․58 %Ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն շարունակեցին 2016-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի իրականացումը, որը պահպանվեց մինչև 2018-ի ապրիլը, երբ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողությունների հետևանքով հրաժարական տվեց, ինչից 2 օր անց ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեցին արտահերթ՝
2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այս ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում հայտնվեց 3 քաղաքական ուժ․
«Իմ քայլը» դաշինք – 70․43%
Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 8․27%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 6․37%Ութերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կրկին արտահերթ անցկացվեցին՝
2021 թվականի հունիսի 20-ին։ Պատճառը 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությունն էր։ Ընտրությունների արդյունքներով ԱԺ-ի անցողիկ շեմը հաղթահարեց 2 քաղաքական ուժ, իսկ 3-րդը՝ «Պատիվ ունեմ»-ը, խորհրդարանում հայտնվեց իրավունքի ուժով, քանի որ ԱԺ-ն պետք է բաղկացած լիներ առնվազն 3 քաղաքական ուժից․
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն – 53․91%
«Հայաստան» դաշինք – 21․09%
«Պատիվ ունեմ» դաշինք – 5․22%Իններորդ գումարման ԱԺ ընտրություններն անցկացվեցին
2026 թվականի հունիսի 7-ին։ Անցողիկ շեմն ի սկզբանե հաղթահարել էր 4 քաղաքական ուժ, սակայն ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որոշմամբ չեղարկվեցին 3 տեղամասերի արդյունքները, և վերաքվեարկություն չնշանակվեց, ինչի արդյունքում 4-րդ ուժը՝ ԲՀԿ-ն, դուրս մնաց խորհրդարանից, իսկ ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի որոշումը․
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն – 49․74%
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23․27%
«Հայաստան» դաշինք – 9․92%Այսպիսով՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ քաղաքական ուժերի ներկապնակն ամենագունեղը եղել է 2-րդ, 3-րդ և 5-րդ գումարման խորհրդարաններում, որտեղ ներկայացված են եղել 6-ական քաղաքական ուժ։ Առաջին և չորրորդ գումարման խորհրդարաններում ներկայացված են եղել 5-ական քաղաքական ուժ, վեցերորդում՝ 4 քաղաքական ուժ։
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված խորհրդարաններում քաղաքական ուժերի թիվը մշտապես ամենափոքրն է եղել։ 7-րդից 9-րդ գումարման խորհրդարաններում ներկայացված է եղել և կլինի 3 քաղաքական ուժ, ընդ որում, ինչպես արդեն փաստեցինք, 2021-ին 3-րդ ուժը ԱԺ-ում հայտնվեց բացառապես իրավունքի ուժով, իսկ 2026-ին 4-րդ ուժը դուրս թողնվեց խորհրդարանից։
Կարճ ասած՝ «նախկինների» օրոք Հայաստանում գործող քաղաքական ուժերի համար Ազգային ժողովի անցողիկ շեմը հաղթահարելը շատ ավելի հեշտ էր, քան Նիկոլ Փաշինյանի օրոք, ով, ի դեպ, իր իշխանության առաջին իսկ օրվանից դիրքավորվել է որպես ժողովրդավարական արժեքների պաշտպան։
Հավելենք նաև, որ 2021-ին Ընտրական օրենսգրքում իրականացված փոփոխություններով դաշինքների համար նախկին 7%-անոց անցողիկ շեմը բարձրացվեց 8-10%՝ կանխված նրանից, թե քանի ուժ է ընդգրկված դրանում։ Եթե հիշյալ փոփոխությունն իրականացվեր ոչ թե Փաշինյանի, այլ Սերժ Սարգսյանի օրոք, ապա 2017 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի գլխավորած «Ելք» դաշինքը անցողիկ շեմը չէր հաղթահարի։
Դավիթ Գույումջյան