Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 16:45 06-07-2026

Նորակառույցում բնակարան են վաճառում, հետո նոր ասում լրացուցիչ վճարների մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Ծաղկաձորի «Ալվինա կոմպլեքս» բնակելի համալիրի բնակիչ, փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը պնդում է, որ բնակարան գնելիս կառուցապատողը չի տեղեկացրել հետագա սպասարկման պայմանների, լրացուցիչ վճարների և սակագների մասին, իսկ համատիրության հետ առաջացած վեճից հետո, նրա խոսքով, նույնիսկ անջատվել են բնակարանի ջուրը, որը, ըստ Թարջիմանյանի, ի սկզբանե եղել է պղտոր ու խմելուն ոչ պիտանի, ու էլեկտրամատակարարումը՝ չնայած դատարանի կայացրած ապահովման միջոցին։

Oragir.News-ի հետ զրույցում Լիլիթ Թարջիմանյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի մանրամասները։

Նրա խոսքով՝ բնակարանը ձեռք բերելու պահին կառուցապատողի հետ կնքված պայմանագրում որևէ դրույթ չի եղել այն մասին, որ հետագայում շենքի սպասարկումն իրականացվելու է սովորականից տարբերվող պայմաններով, սահմանվելու են սառը և տաք ջրի առանձին սակագներ, ինչպես նաև պարտադիր սպասարկման վճարներ։

«Պայմանագրում որևէ դրույթ չկա, որ հետագայում կարող են սահմանվել փոփոխվող սակագներ կամ լրացուցիչ վճարներ՝ առանց բնակիչների համաձայնության»,- նշել է Թարջումանյանը։

Նրա խոսքով՝ շենքը շահագործման հանձնելուց հետո կառուցապատողը դրա կառավարումը փոխանցել է «Օլիմպռեզիդենս» համատիրությանը, որը սկսել է սահմանել տարբեր վճարներ և սակագներ՝ առանց բնակիչների համաձայնության և, ըստ նրա, առանց դրանց հաշվարկների հիմնավորումները ներկայացնելու։

Փաստաբանը նշում է, որ ինքը և բազմաթիվ այլ բնակիչներ երբևէ չեն անդամակցել համատիրությանը, սակայն, այդուհանդերձ, նրանցից պահանջվում են պարտադիր վճարներ։

«Մենք համատիրությանը չենք անդամակցել, բայց մեզանից պահանջում են վճարներ, իսկ երբ փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ իրավական հիմքով և ինչպե՞ս են ձևավորվել այդ սակագները, ապա հստակ պատասխաններ չենք ստանում»,- ասել է նա։

Թարջիմանյանի խոսքով՝ համատիրությունից բազմիցս պահանջել է ներկայացնել սպասարկման վճարների, ջրի սակագների և կատարված ծախսերի հիմնավորումները, սակայն, ըստ նրա, փոխարենը ստացել է միայն ընդհանուր տեղեկանքներ, որոնք չեն պարունակում անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթեր։

Նրա պնդմամբ՝ հարցերը բարձրաձայնելուց հետո իր նկատմամբ սկսվել են ճնշումներ։

«Մոտ մեկուկես ամիս առաջ տուն վերադարձա և տեսա, որ ջուրն ու էլեկտրամատակարարումն անջատված են։ Հետագայում պարզվեց, որ դա իրականացրել են համատիրության ներկայացուցիչները»,- նշել է նա։

Թարջիմանյանի խոսքով՝ ինքը դիմել է դատարան, և դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ պարտավորեցնելով «Օլիմպռեզիդենս» համատիրությանը վերացնել իր բնակարանի տաք և սառը ջրից օգտվելու խոչընդոտները։

Սակայն, նրա պնդմամբ, նույնիսկ դատարանի որոշումից հետո համատիրության ներկայացուցիչները կրկին անջատել են ջուրը։

«Կա դատարանի որոշում, որը ենթակա է անհապաղ կատարման, բայց դրանից հետո նորից եկել են, փակել են ջուրը։ Ջրաչափի վրա կողպեք են տեղադրել և իրենց ցանկությամբ բացում ու փակում են այն»,- ասել է նա։

Փաստաբանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում կարող են առկա լինել ոչ միայն քաղաքացիաիրավական, այլև քրեաիրավական խնդիրներ, այդ թվում՝ դատական ակտը չկատարելու և լիազորությունների հնարավոր չարաշահման հատկանիշներ։

Թարջիմանյանը նաև նշում է, որ խնդրի մյուս պատճառը կարող է լինել այն, որ շենքի պոմպակայաններն ու ներքին ջրամատակարարման համակարգը դեռևս չեն հանձնվել համապատասխան շահագործող կազմակերպությանը։ Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր»-ից իրեն տեղեկացրել են, որ մինչև այդ գործընթացի ավարտը բնակիչները չեն կարող դառնալ ընկերության անմիջական բաժանորդներ։

Փաստաբանի խոսքով՝ իրենք շարունակում են իրավական պայքարը՝ պահանջելով պարզել սահմանված վճարների իրավական հիմքերը և ապահովել դատարանի որոշումների կատարումը։

Թարջիմանյանը նաև ընդգծում է, որ խնդրի առանցքային պատճառներից մեկը շենքի պոմպակայանների կարգավիճակն է։ Նրա խոսքով՝ կառուցապատողը պետք է պոմպակայանները հանձներ պետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, որն էլ հետագայում դրանք պետք է շահագործման հանձներ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Սակայն, նրա պնդմամբ, այդ գործընթացը մինչ օրս չի իրականացվել, ինչի հետևանքով բնակիչները չեն կարող դարձել «Վեոլիա Ջուր»-ի անմիջական բաժանորդներ։ Թարջիմանյանի խոսքով՝ բնակարանների առուվաճառքի պայմանագրերում այս հանգամանքի վերաբերյալ որևէ դրույթ կամ տեղեկացում չի եղել, և այժմ բնակիչները կառուցապատողից պահանջում են պարզաբանել, թե ինչու այդ պարտավորությունը չի կատարվել։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ