Կան մի շարք նախագծեր, որոնք, ըստ ներկայացված տվյալների, շրջանառության են դրվել ընդամենը մի քանի օր առաջ: Կարգավորումների համաձայն՝ այս նախագծերը պետք է անցնեին հանրային քննարկման փուլ:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին:
«Սա նախագիծ է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների հիմնական քաղաքական իրավունքին և այն պահանջում է միջազգային լավագույն փորձի ներկայացում, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի տեսակետի ներկայացում կոնկրետ նախագծի վերաբերյալ»,- նշեց Մինասյանը և հարցրեց՝ պահպանվա՞ծ են այդ ընթացակարգերը և կարո՞ղ է նախարարը ներկայացնել դրանք:
ՆԳ նախարարը պատասխանել է, ասելով՝ պետք է վստահություն հայտնեմ, որ առնվազն մեկ հանրային քննարկում տեղի է ունեցել՝ պատգամավորների ներգրավմամբ:
«Մենք հասցրել ենք նաև գլխադասային հանձնաժողովում ունենալ քննարկում, անդրադառնալ թե՛ միջազգային փորձին, թե՛ սահմանադրականությանը վերաբերող հարցերին և մնացյալ իրավիճակներին: Ես վստահ եմ, որ նախագծի օրակարգի շրջանակում, կոնկրետ հարցի քննարկման ժամանակ կանդրադառնանք բոլոր մանրամասներին և վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն նախագծի հեղինակների կողմից, և, եթե կարիքը լինի, նաև ես՝ որպես Կառավարության ներկայացուցիչ, կարձագանքեմ»,-նշել է նա։
Արփինե Սարգսյանն ընգծել է, որ նախագիծը բավական երկար ժամանակ է, ինչ հանրային տիրույթում քննարկվում է։
«Վստահ եմ՝ բոլոր խմբակցությունները և առաջադրված ուժերը լսած կլինեն առնվազն մեկ քննարկում, որի շրջանակում հանրային պահանջ կար այս հարցին անդրադառնալու և լուծման բերելու այս խնդիրը։ Քարոզարշավի ավարտից հետո, երբ ընտրությունները ևս կայացել են, պատգամավորները հանձնառու են եղել հանրային պահանջը իրացնելու, որը վստահորեն գեներացված է եղել և ըստ այդմ ձևակերպել են համապատասխան նախագիծ, որը դրված է քննարկման:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով առանձին ուղարկել-չուղարկելուն, վստահ եմ, որ գործընկերները դիտարկել են նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նմանատիպ իրավիճակների մասով, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և սահմանադրական իրավունքի տեսանկյունից առկա մոտեցումները», - ասաց Սարգսյանը: