Ռուսաստանի Դաշնությունը, երկրում շարունակվող և գնալով խորացող վառելիքային ծանր ճգնաժամի պայմաններում, ստիպված է եղել պատմության մեջ առաջին անգամ բենզինի շտապ գնումներ սկսել Հնդկաստանից:
Այս մասիմ հաղորդում է հեղինակավոր Reuters-ը՝ հավելելով, որ դեպի Ռուսաստան արդեն իսկ առաքվել է առնվազն 60,000 տոննա հնդկական բենզին, ընդ որում՝ բաց ծովում արդեն ընթացքի մեջ են գտնվում երկու խոշոր տանկերներ, որոնցից յուրաքանչյուրը տեղափոխում է 30,000-ից մինչև 40,000 տոննա վառելիք:
Իրավիճակի օրհասականությունը փաստում է այն հանգամանքը, որ սեփական նավթավերամշակման գործարանների ռմբակոծությունների հետևանքով Ռուսաստանն այժմ նախատեսում է տարբեր երկրներից ամսական կտրվածքով ներմուծել ընդհանուր առմամբ 400,000 տոննա բենզին, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ ծածկել ներքին շուկայի պահանջարկը, քանի որ ամառային սեզոնին երկրում վառելիքի օրական սպառումը կազմում է առնվազն 110,000 տոննա։
Այս իրադարձությունը տնտեսական մեծ սենսացիա է արևմտյան վերլուծաբանների համար, քանի որ չնայած խիստ պատժամիջոցներին՝ Ռուսաստանը մինչև 2025 թվականի վերջը հանդիսանում էր աշխարհում հում նավթի երկրորդ և նավթամթերքի վեցերորդ խոշորագույն արտահանողը, իսկ Հնդկաստանը տարիներ շարունակ եղել է ռուսական էժան նավթի գլխավոր սպառողն ու գնորդը, որն այժմ վերամշակված բենզինը հետ է վաճառում Մոսկվային: Շուկայում ստեղծված կրիտիկական դեֆիցիտն անուղղակիորեն հաստատել է նաև Կրեմլը. հունիսի 28-ին կայացած փակ խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրամայել շտապ կարգով վերանայել նավթամթերքի արտասահմանյան ներմուծման հետ կապված հարցերը, իսկ հաջորդ օրը նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հաստատել է վառելիքի ներկրման շուրջ ընթացող բանակցությունները՝ սակայն խնամքով թաքցնելով այն երկրների անունները, որոնցից Ռուսաստանն այժմ բենզին է խնդրում:
Թամարա Քալանթարյան