Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների և պետական մարմինների կողմից հրապարակվող ֆինանսական փաստաթղթերի համադրումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է գործում պետական համակարգը երկարաժամկետ ծրագրերի և ամենօրյա կառավարման հարթություններում:

ԿԸՀ-ի 2027-2029 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտում ներկայացված են ապագա տարիների ֆինանսավորման հստակ և մանրակրկիտ գումարներ, որոնք հաշվարկվում են ըստ ընտրողների սպասվող թվի և ֆիքսված միավորի արժեքի։ Փաստաթղթի՝ 2026 թվականի մարտի 3-ի հաստատման ամսաթիվը ցույց է տալիս, որ կառույցը երեք տարի առաջ արդեն իսկ նախանշում է իր ֆինանսական պահանջները։
Այսպես, հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման համար նախատեսված ծախսերը կայուն և գնաճին համահունչ աճի միտում ունեն. 2027թ.՝ 519,964.2 հազար դրամ, 2028թ.՝ 524,462.2 հազար դրամ, 2029թ.՝ 529,462.2 հազար դրամ։

Թեև ֆինանսական հայտերը կազմվում են մաթեմատիկական մեծ ճշգրտությամբ, Սահմանադրական դատարանում ընթացող քննարկումները բացահայտում են, որ նմանատիպ պլանավորումները չեն ներառում կամ կանխատեսում առանձին տեղամասերում տեղի ունեցող կազմակերպչական, տեխնիկական կամ մարդկային գործոնով պայմանավորված անկանխատեսելի միջադեպերը։ Բյուջետային պլանավորման «լումայի ճշտությունը» վերաբերում է բացառապես ապարատի պահպանմանը, այլ ոչ թե տեղային արտակարգ դեպքերին, որոնք օպերատիվ ճգնաժամային կառավարման տիրույթում են:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բաց գնումների հետքի բացակայությանը, ապա իրավական ու կազմակերպչական տեսանկյունից դա պայմանավորված է բյուջետային տարիների հստակ բաշխմամբ։ Պաշտոնական փաստաթղթի տվյալները հստակեցնում են, որ հիմնական ֆինանսական ծանրաբեռնվածությունը նախատեսվել է 2026 թվականի բյուջեով. 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է հսկայածավալ բյուջե՝ շուրջ 4.4 միլիարդ դրամ։ 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է շուրջ 2.5 միլիարդ դրամ։
Փաստաթուղթը ցույց է տալիս, որ 2026 թվականի գերծանրաբեռնված ընտրական տարվանից հետո բյուջետային հատկացումները կտրուկ նվազում են և վերաբաշխվում ըստ հաջորդ տարիների նպատակային նշանակության։ Օրինակ՝ ՏԻՄ ընտրությունների բյուջեն 2027 թվականին նախատեսվում է 754,468.0 հազար դրամ, իսկ 2029 թվականին՝ ընդամենը 25,740.0 հազար դրամ: Միևնույն ժամանակ, արդեն իսկ հստակ հաշվարկված է հաջորդ խոշոր տեղական միջոցառումը՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունները, որի համար 2028 թվականին նախատեսվել է 1,317,982.0 հազար դրամ:

Իրավիճակի շուրջ ամբողջական և օբյեկտիվ պատկեր ստանալու նպատակով Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը. ինչո՞ւ պետական գնումների պաշտոնական ռեեստրում 2025 թվականի հոկտեմբերից հետո ԿԸՀ-ի կողմից իրականացված նոր գնումների վերաբերյալ տվյալներ առկա չեն, և արդյոք ԱԺ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ ձեռքբերումներն իրականացվել են այլ գերատեսչությունների կենտրոնացված գնումների կամ բազմամյա պայմանագրերի շրջանակներում։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս է ԿԸՀ-ն կանխատեսում ընտրական տեղամասերի հնարավոր խնդիրներն ու ռիսկերը, որոնք այս օրերին վիճարկվում են Սահմանադրական դատարանում։
Oragir.News-ը ԿԸՀ-ի պատասխանը ստանալուն պես կհրապարակի։
Հասմիկ Մովսիսյան