Սահմանադրական դատարանն այսօր ավարտեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումն ամենաուշը պետք է հրապարակվի հուլիսի 4-ին։
Հասարակությունը 3 օրից կիմանա՝ Սահմանադրական դատարանը պատրա՞ստ է կայացնել քաղաքական հետևանքներ ունեցող, բայց իրավականորեն հիմնավորված որոշում, թե՞ հերթական անգամ կընտրի ամենաանվտանգ ճանապարհը՝ դակելով ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը, որի լեգիտիմությունն անգամ պրոիշխանական գործիչներն ու փորձագետներն են կասկածի տակ դնում։ Բացի դիմումները մերժելուց և ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնելուց, ՍԴ-ն կարող է ևս 3 որոշում կայացնել․ անվավեր ճանաչել ընտրությունները և նշանակել նոր քվեարկություն, մասնակի բավարարել դիմումները կամ վերանայել արդյունքները և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։
Չնայած բազմաթիվ ընտրախախտումներին, վարչական ռեսուրսի չարաշահումներին և այլն, անգամ լավատեսները չեն ակնկալում, որ ՍԴ-ն համարձակություն կգտնի իր մեջ և ամբողջովին կչեղարկի ընտրությունների արդյունքները։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմադիր ուժերի ներկայացրած փաստարկները, ինչպես նաև ընտրությունների նախնական արդյունքները, որոնցով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հատել էր անցողիկ 4%-անոց շեմը, և քաղաքական այս ուժը շեմից ներքև հայտնվեց միայն այն բանից հետո, երբ ԿԸՀ նախագահի որոշմամբ 3 տեղամասերում չեղարկվեցին արդյունքները, չափազանց ողջամիտ կլինի, եթե ՍԴ-ն մանդատների բաշխման նոր կարգ սահմանի՝ վերականգնելով ԲՀԿ-ի մանդատները։
Նման որոշման գլխավոր հիմնավորումն այն է, որ ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումն ազդել է մանդատների վերջնական բաշխման վրա։ Թեպետ ԲՀԿ-ն ստանալու էր և մանդատների բաշխման նոր կարգ սահմանելու դեպքում կստանա առավելագույնը 5 մանդատ, այնուամենայնիվ դա էապես կփոխի խորհրդարանի քաղաքական քարտեզը և ՔՊ-ին կզրկի սահմանադրական օրենքներ ընդունելու, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների ընտրելու համար անհրաժեշտ մանդատների 3/5-ից։ Այլ կերպ ասած՝ սա արդեն բոլորովին այլ քաղաքական իրականություն կլինի, որտեղ որևէ ուժ բացարձակ մեծամասնություն չի ունենա, չի կարողանա միանձնյա որոշել պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը և, մեծ հաշվով, կառավարող քաղաքական ուժին՝ ՔՊ-ին, կստիպի հաշվի նստել ընդդիմության հետ և զիջումների գնալ։
Նկատենք նաև, որ նման որոշումը ոչ այնքան ընդդիմության և ԲՀԿ-ի շահերից է բխում, որքան առաջին հերթին հենց Բարձր դատարանի։ 2020 թվականի աղմկահարույց սահմանադրական փոփոխություններից հետո, երբ ՔՊ-ականները պաշտոնանկ արեցին ՍԴ նախկին 3 դատավորներին, իսկ Հրայր Թովմասյանին զրկեցին նախագահի պաշտոնից, դատարանի անկախության վերաբերյալ քննարկումները երբեք չեն դադարել։ Դրանից հետո ՍԴ-ի կազմը գրեթե ամբողջությամբ փոխվեց. դատարանի ներկայիս 9 դատավորներից 8-ն ընտրվեցին հենց ՔՊ-ի ձայներով, ինչը դարձավ ընդդիմության և բազմաթիվ փորձագետների քննադատության առարկան։ Ավելին՝ հանրային ընկալումներում գերիշխող տեսակետ կա, որ ներկայիս ՍԴ-ն գործող իշխանության կցորդն է և առանց վերապահումների դակելու է վերջինիս համար կարևորագույն նշանակություն ունեցող բոլոր որոշումները։
Փաստացի, հանրության մի զգալի հատվածի մոտ ձևավորվել է այն ընկալումը, թե Սահմանադրական դատարանն այլևս բարձրագույն անկախ սահմանադրական մարմին չէ, որը պետք է հավասար հեռավորության վրա գտնվի բոլոր քաղաքական ուժերից։ Այսօր, սակայն, Սահմանադրական դատարանը ստացել է այդ ընկալումը փոխելու և իրական անկախություն ձեռք բերելու բացառիկ հնարավորություն։
Իհարկե, լավագույն որոշումն այն կլիներ, եթե ՍԴ-ն առհասարակ չեղարկեր ընտրությունների արդյունքները և նշանակեր նոր ընտրություններ։ Սակայն, եթե դա անիրատեսական է կամ անհնար, ապա արդարությունը վերականգնելու նվազագույն ճանապարհը մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է։ Նման որոշումը հանրության շրջանում էապես կփոխի Սահմանադրական դատարանի նկատմամբ վերաբերմունքը։ Տարիներ շարունակ ՍԴ-ն ստիպված է եղել աշխատել այն մեղադրանքների ներքո, թե դարձել է գործող իշխանության քաղաքական հենարանը։ Այդ մեղադրանքները հնարավոր չէ հերքել հայտարարություններով, հարցազրույցներով կամ մամուլի հաղորդագրություններով։ Դրանք կարող են հերքվել միայն մեկ եղանակով՝ այնպիսի դատական ակտով, որը ցույց կտա, որ դատարանը որոշումներ է կայացնում ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից, այլ օրենքից ելնելով, իսկ դատավորների որոշումները կարող են նաև հակասել այն քաղաքական ուժի շահերին, որի անդամների ձայներով էլ վերջիններս ընտրվել են իրենց պաշտոններում։
Կարճ ասած՝ հուլիսի 4-ը հենց այդ բացառիկ հնարավորությունն է, և ՍԴ-ն որոշում է կայացնելու ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլև իր անկախության մասին։ Կօգտվե՞ն Բարձր դատարանի դատավորներն այս պատմական հնարավորությունից, թե՞ ոչ՝ կիմանանք ընդամենը 3 օրից։
Եթե դատարանը կարողանա իր որոշմամբ ցույց տալ, որ անկախ է ցանկացած իշխանությունից, դրա արդյունքում կշահի ոչ միայն ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ առաջին հերթին հենց Սահմանադրական դատարանը։ Նրա հեղինակությունը կբարձրանա, հասարակության վստահությունը կամրապնդվի, իսկ հետագայում ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշումների լեգիտիմությունն այլևս կասկածներ չի առաջացնի։
Կարծում ենք, որ երկրորդ անգամ նման հնարավորություն պարզապես չի լինելու։
Դավիթ Գույումջյան