Ներքին 1 ժամ առաջ - 17:45 22-06-2026

Այսպիսի կարկուտ երբեք չէինք տեսել. Տավուշի գյուղերի տանիքների 90%-ը պիտանի չէ

Մերի Հակոբյան

Լրագրող

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևն ու խոշոր կարկուտը լուրջ վնասներ են հասցրել բնակիչներին։ Վնասվել են տների տանիքներ, ավտոմեքենաներ, պտղատու այգիներ, բանջարաբոստանային կուլտուրաներ և գյուղատնտեսական այլ մշակաբույսեր։ Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտնել է, որ առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեպար և Ոսկեվան բնակավայրերը։

Oragir.News-ը կապ է հաստատել նշված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ պարզելու ստեղծված իրավիճակը, վնասների ծավալն ու հետագա անելիքները։

Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանի խոսքով՝ գյուղում գրանցվել են զգալի վնասներ։

«Իրականում բավականին մեծ վնասներ ենք կրել։ Վնասվել են բնակիչների տանիքները, կարկուտի տակ մնացած մեքենաները, ինչպես նաև այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը։ Հատկապես վնասվել են նորատունկ այգիները՝ հոնի, բալի, ծիրանի և այլ պտղատու ծառերի տնկիները։ Շատ տեղերում բերքն ամբողջությամբ գետնին է թափվել։ Այսպիսի պատկեր մեր գյուղում վաղուց չենք ունեցել, կարելի է ասել՝ նման ուժգնության կարկուտ նախկինում չենք տեսել»,-ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ արդեն ձևավորվել է համապատասխան հանձնաժողով, և վնասների հաշվառման գործընթացը սկսված է։

«Բնակիչներն անձամբ դիմումներ են ներկայացնում, կցում են լուսանկարներ և նկարագրում կրած վնասները։ Դրանից հետո հանձնաժողովը կիրականացնի համապատասխան գնահատում։ Այս պահին դժվար է ասել ընդհանուր վնասի չափը, սակայն կարող եմ նշել, որ վնասները շատ մեծ են»,-նշեց նա։

Սահակյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գյուղում հակակարկտային կայան չկա։

«Մեր բնակավայրում հակակարկտային կայան երբևէ չի տեղադրվել։ Պատճառներից մեկն այն է, որ երկար տարիներ սահմանամերձ լինելու և անվտանգության խնդիրների պատճառով շատ վարելահողեր չեն մշակվել»,- հավելեց նա։

Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում հիմնականում վնասվել են տնամերձ հողամասերն ու բնակիչների կողմից մշակվող մշակաբույսերը։

«Մեզ մոտ հիմնականում մարդիկ տնամերձ հողամասերում իրենց սպառման համար բանջարեղեն են մշակում, խոտհարքեր ունեն։ Կարկուտից այդ տնտեսությունը գրեթե ամբողջությամբ վնասվել է։ Գյուղատնտեսության ոլորտում վնասները բավականին մեծ են, սակայն այս պահին դրանց վերջնական գնահատական դեռ չկա»,-ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ տանիքների մասով իրավիճակը համեմատաբար բարենպաստ է եղել։

«2011 թվականին մեր գյուղում ևս խոշոր կարկուտ էր տեղացել, և այդ ժամանակ բազմաթիվ տանիքներ վնասվել էին։ Դրանից հետո գյուղում տանիքների զգալի մասը փոխվել է, և, հավանաբար, հենց այդ պատճառով այս անգամ տանիքների մասով մեծ վնասներ չունենք»,-ասաց վարչական ղեկավարը։

Ամենածանր իրավիճակներից մեկը, ըստ պաշտոնյաների, գրանցվել է Կոթիում։ Գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը Oragir.News-ի հետ զրույցում նշում է, որ տեղացած կարկուտի չափերն աննախադեպ են եղել։

«Կարկուտն այնքան խոշոր էր, որ առանձին հատիկները մարդու ափի մեջ ամբողջությամբ չէին տեղավորվում։ Վնասներն իսկապես ահռելի են։ Այս պահի դրությամբ արդեն տասնյակ դիմումներ ենք ստացել բնակիչներից, և այդ թիվը շարունակում է աճել»,-ասաց Հախվերդյանը։

Նրա խոսքով՝ վնասվել են տասնյակ տներ և մեքենաներ։

«Մոտավորապես 80-90 մեքենա վնասվել է, կան թաղամասեր, որտեղ տների տանիքների 90 տոկոսը դարձել է ոչ պիտանի։ Կարկուտի ուժգնությունն այնքան մեծ էր, որ մարդկանց համար պարզապես անհնար էր որևէ կերպ պաշտպանել իրենց գույքը»,- նշեց նա։

Հախվերդյանի խոսքով՝ գյուղում առկա են հակակարկտային կայաններ, սակայն դրանք չեն կարողացել ամբողջությամբ կանխել աղետի հետևանքները։

«Այն հատվածներում, որտեղ համակարգեր տեղադրված էին, վնասները որոշ չափով ավելի քիչ են եղել, սակայն ընդհանուր առմամբ կարկուտի ուժգնությունն այնքան մեծ էր, որ համակարգերն ամբողջությամբ չեն կարողացել կանխել վնասը»,- ասաց նա։

Oragir.News-ը զրուցել է նաև Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ, որ ևս նշել է, որ գյուղում վնասները համատարած բնույթ են կրել։

«Գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածքները և պտղատու ծառերը գրեթե ամբողջությամբ վնասվել են։ Վնասվել են նաև տանիքները, արևային ջրատաքացուցիչները, մեքենաները։ Կան մեքենաներ, որոնց ապակիներն են կոտրվել, կան նաև այնպիսիք, որոնց թափքի վրա մեծ փոսեր են առաջացել»,-ասաց Աղբալյանը։

Նրա խոսքով՝ համայնքային հանձնաժողովն արդեն սկսել է բնակիչներից դիմումների ընդունման գործընթացը։

«Այս պահին առաջին հերթին հավաքագրում ենք բոլոր դիմումները, որպեսզի հասկանանք վնասների իրական ծավալը։ Կարելի է ասել, որ գյուղում համատարած վնասներ են արձանագրվել»,-նշեց նա։

Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին գյուղում նման մասշտաբի բնական աղետ չի եղել։

«Այսպիսի խոշոր կարկուտ վաղուց չէր եղել։ Վնասներն իսկապես մեծ են։ Տուժել են մեքենաները, տանիքները, գյուղատնտեսական մշակաբույսերը, պտղատու ծառերը։ Մեկ շաբաթ շարունակ զբաղվելու ենք միայն վնասների գրանցմամբ, քանի որ դիմումները շատ են»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գյուղի բնակիչների մեծ մասն իր տնամերձ հողամասերում գյուղատնտեսությամբ զբաղվում է հիմնականում սեփական կարիքների համար, սակայն որոշ մշակաբույսեր նաև վաճառքի են հանվում։

«Բնակիչները հիմնականում իրենց սպառման համար են մշակում հողերը, սակայն որոշ արտադրանք նաև վաճառում են։ Այս վնասները շատ ընտանիքների համար լուրջ սոցիալական խնդիրներ կարող են առաջացնել»,-նշեց նա։

Համայնքներում այս պահին շարունակվում է վնասների հաշվառման գործընթացը։ Վարչական ղեկավարների խոսքով՝ միայն ամբողջական գույքագրումից հետո հնարավոր կլինի խոսել կրած վնասների վերջնական չափերի և աջակցության հնարավոր մեխանիզմների մասին։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված