Մամուլ 3 ամիս առաջ - 08:15 16-06-2026

Նիկոլ Փաշինյանը այսօր կգնա ԱԺ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկում է Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ՝ փաստացի վերջին հերթական նստաշրջանը, և հենց առաջին օրակարգային հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ազգային ժողովի պաշտոնական օրակարգը և պարզեց, որ իշխանության համար առանցքային նշանակություն ունեցող այս քննարկմանը մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեև հիմնական զեկուցող է նշանակվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սակայն բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, ավանդաբար, անցկացվում է վարչապետի մասնակցությամբ, քանի որ այն վերաբերում է կառավարության ամբողջ տարվա գործունեության ֆինանսական արդյունքներին։

Հատկանշական է, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ էր հրավիրել, որի առանցքային թեմաներից մեկը հենց 2025 թվականի բյուջեի կատարողականն էր։ Իսկ այժմ նույն հաշվետվությունը ներկայացվում է Ազգային ժողով՝ քաղաքական գնահատականի արժանանալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ազգային ժողով ներկայացված նախագծով առաջարկվում է հաստատել 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը հետևյալ ցուցանիշներով․

եկամուտներ՝ 2 տրիլիոն 886 միլիարդ 547 միլիոն դրամ,

ծախսեր՝ 3 տրիլիոն 305 միլիարդ 306 միլիոն դրամ,

բյուջեի դեֆիցիտ՝ 418 միլիարդ 759 միլիոն դրամ։

Փաստացի, կառավարությունը խորհրդարանից ցանկանում է ստանալ քաղաքական հավանություն մի բյուջեի համար, որն ավարտվել է ավելի քան 418 միլիարդ դրամի պակասուրդով։

Հաշվետվությունը Ազգային ժողով է ներկայացվել կառավարության ապրիլի 23-ի որոշմամբ և ուղեկցվում է նաև Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությամբ։

Սակայն բյուջետային քննարկումները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ պետական պարտքի թեման կրկին հայտնվել է քաղաքական օրակարգում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացրած տվյալները և արձանագրեց, որ Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է աճել։

Նախարարի ներկայացմամբ՝ 2025 թվականի ավարտի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար։

Ավելին, վերջին տվյալներով՝ միայն 2026 թվականի ընթացքում արտաքին պարտքն արդեն աճել է շուրջ 11 միլիարդ դրամով։

Հենց այս թվերն են այսօր դառնալու խորհրդարանական հիմնական քննարկման առարկա։ Ընդդիմությունն արդեն ամիսներ շարունակ իշխանությանը մեղադրում է պետական պարտքի շարունակական աճի, բարձր դեֆիցիտի և բյուջետային միջոցների ոչ արդյունավետ կառավարման մեջ, մինչդեռ կառավարությունը պնդում է, որ պարտքային բեռի աճը ծառայել է ենթակառուցվածքային, անվտանգային և մարդկային կապիտալի զարգացման ծրագրերին»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի