Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 10:28 09-06-2026

Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում․ դեպքերի մեծ մասը շարունակում է գրանցվել երեխաների շրջանում

Հայաստանում ջրծաղիկի հիվանդացությունը շարունակում է նվազման միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 4550 դեպք, ինչը շուրջ 2.2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ 2025 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել էր ջրծաղիկի 10 210 դեպք, մինչդեռ 2026 թվականին նույն ժամանակահատվածում՝ 4550 դեպք։

Նվազման միտումը նկատվում է նաև Երևանում։ Եթե 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին մայրաքաղաքում գրանցվել էր 5424 դեպք, ապա 2026 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2039, ինչը շուրջ 2.7 անգամ պակաս է։

Մասնագետի խոսքով՝ հիվանդացության նվազումը պայմանավորված է ինչպես ջրծաղիկի պարբերական բնույթով, այնպես էլ հիվանդության դեմ պատվաստումների ներդրմամբ, որը Հայաստանում մեկնարկել է 2025 թվականի հունվարից։

Համաճարակաբանական տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցված 4550 դեպքերից 4130-ը կամ 90.8 տոկոսը բաժին է ընկել 0-18 տարեկան երեխաներին, իսկ 420 դեպք կամ 9.2 տոկոսը՝ 18 տարեկանից բարձր անձանց։ Առավել մեծ մասնաբաժին ունեն 3-6 և 7-17 տարեկան երեխաները, ինչի հետևանքով դեպքեր հաճախ արձանագրվում են մանկապարտեզներում և դպրոցներում։

Վարակի տարածումը կանխելու նպատակով կազմակերպված կոլեկտիվներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ կոնտակտավորների ամենօրյա բժշկական հսկողություն, նոր դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ գործողություններ։

Մասնագետները նշում են, որ հիվանդացության ռիսկն առավել բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ պայմանավորված բնակչության խտությամբ և ակտիվ սոցիալական շփումներով։ Այդ առումով Երևանը շարունակում է մնալ առավել խոցելի բնակավայրերից մեկը։

Բազմամյա դիտարկումները նաև ցույց են տալիս, որ ջրծաղիկն ունի արտահայտված սեզոնայնություն․ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները սովորաբար արձանագրվում են նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ ամռան ամիսներին նկատվում է նվազման միտում։ Այս հանգամանքը հիմք է տալիս կանխատեսելու, որ առաջիկա ամիսներին հիվանդացության ցուցանիշները կշարունակեն նվազել։

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին՝ Սվետլանա Գրիգորյանը կարևորել է պատվաստումների դերը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումները նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի այն անձանց համար, որոնք նախկինում չեն հիվանդացել ջրծաղիկով։ Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով՝ առնվազն չորս շաբաթ ընդմիջումով։

Պատվաստումները հասանելի են առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում, առողջության կենտրոններում և ամբուլատորիաներում։ Նախատեսվում է, որ 2027 թվականից պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի նաև ջրծաղիկի դեմ երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաների համար։