Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 20:30 20-05-2026

Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ, Բագրատ Սրբազանի 55-ամյակը, Կիրանցի անհասանելի հողերը․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 20-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Քննչական կոմիտեն պնդում է, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր ալիքում մի «փաստաթուղթ» էր հրապարակել, որում նշվում է, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։ «Ն․Կ․-ն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Կարապետյանը նախազգուշացված է եղել կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն այս հարցի առնչությամբ ասել է, որ իրենք ստուգող մարմին չեն ու նման լիազորություն չունեն՝ առաջնորդվում են տրված փաստաթղթերով։ Նշենք, որ Նարեկ Կարապետյանը հերքել է իր` ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրը։ «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, այլ քաղաքացիություն չեմ ունեցել։ Կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք»,– նշել է Կարապետյանը։

Քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ խստորեն դատապարտում են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը՝ պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան և դադարեցնել քրեական հետապնդումը: «Առավել ևս անօրինական, անհամաչափ և դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործունեությունը սահմանափակելու և նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն», - ասված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», Երևանի Մամուլի ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հելսինկյան ասոցիացիայի և մյուս կազմակերպությունների հայտարարությունում: Իրավապաշտպաններ շեշտել են, որ Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։ Իրավապաշտպան կազմակերպությունները Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից պահանջում են նաև պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա, բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումները, այդ թվում՝ «քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով»։

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ` սրբազանի ծննդյան 55–ամյակը շնորհավորելու։ Նրանք քայլերթով հասան Սուրբ Աննա եկեղեցի, այնուհետև վերադարձան ԱԱԾ-ի մոտ, որտեղ պաստառներով և «Լույսը հաղթելու է խավարին» վանկարկումներով շնորհավորում են արքեպիսկոպոսի ծննդյան 55–ամյակը։ Նրանք իրենց հետ նաև տորթ ու շնորհավորական նամակներ են բերել։ Ակցիային միացել են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց փաստաբանները, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այլք։ Սրբազան պայքարի աջակիցները վառեցին տորթի վրայի մոմերը և երգեցին. «Ծնունդդ շնորհավո՛ր, սրբազան, Աստված օրհնի քեզ, սրբազան»։ Այնուհետ կտրեցին տորթն ու բաժանեցին հավաքվածներին։ Գեղամ Մանուկյանը խոստացավ նամակները փոխանցել Բագրատ սրբազանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան