Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 9-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Հայաստան։ Նրա օդանավն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Երևան ժամանելուց անմիջապես հետո ԱՄՆ փոխնախագահը ուղևորվեց Բաղրամյան 26, որտեղ նա այս պահին հանդիպում է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։ Վենսի այցը տեղի է ունենում օգոստոսին Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից վեց ամիս անց: Միևնույն ժամանակ Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, և առաջինը, ով կայցելի Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։ Բաղրամյան 26 տանող ճանապարհը երկու կողմից փակ է: Ոստիկանները շղթա են կազմել նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի դիմաց, որտեղ գնացքները ևս ժամանակավորապես կանգ չեն առնում։ Ժամը 17։00-ից 21։00-ն, սահմանափակվել է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ հատվածներում։ Վենսի այցին ընդառաջ Բաղրամյան պողոտայում ակցիա են իրականացնում արցախցիները՝ հաջակցություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող պատանդների։ Արցախի նախկին օմբուդսմեն ու պետնախարար Արտակ Բեգլարյանը հավաքից առաջ գրել է․ «ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ «պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա: ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ»: ԱՄՆ փոխնախագահին նման կոչեր են հղել Հայաստանի և Արցախի այլ կազմակերպություններ և գործիչներ ևս:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի աշխատակազմը ստացել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը և հայտնել իր շնորհակալությունը։ Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը` հղում անելով Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությանը։ «Անցյալ շաբաթ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությանը հաջողվել է բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ստացել ենք նրա ստորագրած նամակը ` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։ Վստահ եք, որ ԱՄՆ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի սրբազանի ուղերձը և կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը»,- ասված է հաղորդագրությունում։ Կազմակերպությունում վստահ են, որ նամակում գրված մյուս փաստերն էլ ուշադրության կարժանանան՝ ապահովելով Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձն իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։ Հիշեցնենք՝ Սրբազանը օրեր առաջ կալանավայրից դիմել էր Վենսին` խնդրելով, որ 3 բան փոխանցի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Բագրատ Սրբազանը խնդրել էր հստակ փոխանցել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ ԱՄՆ–ն չի հանդուրժի Հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները, կոչ անել 2 առաջնորդներին` ազատ արձակել իրենց քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում որպես պատանդ պահվող 20 հայերին և Հայաստանում ազատազրկված չորս հոգևորականներին ու եկեղեցու աջակիցներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։ Բագրատ սրբազանը նշել է, որ քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև. Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության։ Սրբազանը շեշտել է, որ այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է, հիշեցրել ադբեջանական խոսույթը, թե Հայ առաքելական եկեղեցին «խաղաղության խոչընդոտ» է։ Բագրատ սրբազանի կարծիքով` Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության պայման պահանջում է, որ հայկական պետությունը զրկի եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից։
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Վենսի տարածաշրջանային այցից հետո կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Վաշինգտոնում «Ազատության» թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ այդ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն՝ Թրամփի «Խաղաղության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու։ Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով ամերիկացի դիվանագներին հաղորդել էր, թե այս գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տունը մտադիր է քննարկել ու միջոցներ ներգրավել՝ Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու և տարածաշրջանի վերականգնման համար:
Մանրամասները՝ տեսանյութում: