Ներքին 5 ամիս առաջ - 11:26 18-05-2026

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրում է․

Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի նշվում է որոշակի խորագրի ներքո՝ նպատակ ունենալով համախմբել միջազգային թանգարանային հանրույթը և խթանել մշակութային հաստատությունների ակտիվ մասնակցությունը համաշխարհային մշակութային գործընթացներին։

Սակայն, անկախ այս համաշխարհային նախաձեռնությունների նշանակությունից, մշակութային ժառանգությունը բազմաթիվ տարածաշրջաններում շարունակում է մնալ լուրջ սպառնալիքների ներքո՝ հատկապես այն դեպքերում, երբ այն դառնում է բռնազավթման, պատմության վերախմբագրման և մշակութային ինքնության նպատակային վերացման պետական քաղաքականության օբյեկտ։

Այս համատեքստում առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը։

2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»