Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 20:00 15-05-2026

«Արևմտյան Ադրբեջան» և 300 հազար «փախստականի վերադարձ»․ սողացող պատերազմ, որը կլանելու է ՀՀ-ն․ մաս 1

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հաճախ ենք լսում, որ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ապա առաջիկա տարիներին մեր երկրում շուրջ 300 հազար ադրբեջանցի է բնակեցվելու։ Նման նախազգուշացումներ ընտրապայքարին մասնակցող առանցքային ընդդիմադիր ուժերն են անում, իսկ ՔՊ-ի ներկայացուցիչներն ու նրանց «խոսափող»-քարոզիչները փրփուրը բերաններին հերքում են դա՝ ընդդիմությանն էլ մեղադրելով ադրբեջանական քարոզչական թեզերը օրակարգ բերելու մեջ։

Oragir.News-ն ուսումնասիրելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը՝ փորձել է հասկանալ, թե այս խոսույթն Ադրբեջանում երբվանի՞ց և ի՞նչ մակարդակով է տարածվում, սա իսկապես ուղղվա՞ծ է բացառապես այդ երկրի ներքին լսարանին, թե՞ սա Հայաստանի դեմ մղվող հերթական հիբրիդային ու սողացող պատերազմն է, որին Երևանը պատշաճ կերպով չի հակազդում՝ որդեգրելով ջայլամի քաղաքականությունը։ Նախևառաջ՝ եթե անգամ այս խոսույթն ուղղված է Ադրբեջանի ներքին լսարանին, ապա բոլորովին այլ ուսումնասիրության առարկա պետք է դառնա այն հարցը, թե ինչո՞ւ է հարևան երկրի հասարակությունն Արցախի լիակատար բռնազավթումից հետո շարունակում «սնվել» նման նարատիվներով։

Հայաստան ադրբեջանիցների «վերադարձի» կազմակերպմամբ զբաղվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը, որի անվանումն արդեն տարածքային հավակնություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Քարոզչական նպատակներով ստեղծված «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը դեռևս 1989-ից գործունեություն ծավալող «Ադրբեջանի փախստականների միություն» հասարակական միավորման իրավահաջորդն է։ Այս կազմակերպությունն անվանափոխվել է 2022 թվականի օգոստոսին, ինչպես նաև ընդունվել է կազմակերպության նոր կանոնադրությունը։

Արդեն 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, որն ի դեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է, վերջինս հանդիպում ունեցավ ինքնահռչակ համայնքի մտավորականության ներկայացուցիչների հետ, ինչն էլ այս օրակարգի ինստիտուցիոնալացման սկիզբն էր։ Ուշադրություն դարձնելով ամսաթվին՝ տեսնում ենք, որ դա տեղի էր ունենում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի տխրահռչակ հայտարարության ստորագրումից երկուսուկես, իսկ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից ընդամենը 12 օր անց։ Պրահայի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, ինչն արձակեց Ալիևի ձեռքերը, վերջինս անցավ Արցախի վերջնական կլանմանը, ինչը հեշտությամբ մարսեց։ Բաքվի հիմնավորումը մեկն էր․ գործում է սեփական ինքնիշխան տարածքում, որը չի առարկում անգամ պաշտոնական Երևանը։

«Համայնքի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ալիևը հանձնարարեց մշակել «վերադարձի» հայեցակարգ՝ ակնհայտորեն հավակնություններ դրսևորելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ «Այս հարցը մեր օրակարգում է հենց հիմա՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ այդ մասին խոսելը թերևս վաղ էր: Բայց իմ կարծիքով՝ այսօր մենք չպետք է ժամանակ կորցնենք: Պետք է պատրաստվի վերադարձի հայեցակարգ»,- հայտարարում էր Ալիևը՝ ընդունելով՝ եթե նախքան Արցախի կլանումը Բաքուն այս հարցն օրակարգ բերեր, ապա միջազգային հանրությունն իրեն չէր հասկանա։ Եվ իսկապես, Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանը և այս երկիրը 2003 թվականից կառավարող Իլհամ Ալիևը և ոչ մի անգամ չի հիշատակել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը։ Նախկինում՝ օրինակ 2013 և 2018 թվականների նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հնչում էին հավակնություններ Երևանի, Սևանի, Սյունիքի նկատմամբ, բայց այսպիսի բացահայտ հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի գոյությունը, չեն եղել։ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Ամեն անգամ, երբ ես խոսում եմ այդ մասին, ինձ նկատողություն են անում, փորձում են նկատողություն անել, թե ես տարածքային պահանջներ ունեմ։ Ես դա ասում եմ որպես պատմական ճշմարտություն»,- 2022-ին հոխորտում էր Ալիևը։

Հաջորդիվ Բաքվի պետական քարոզչամեքենան գործարկեց մասնագիտացված հեռուստաալիք, առցանց հարթակներ և ֆիլմերի շարք՝ պնդելով, որ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հողեր են»: Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը պաշտոնապես հավանություն տվեց արշավին՝ ապահովելով դրա անխափան հեռարձակումը: 2023 թվականի ընթացքում Ադրբեջանն աշխատում էր այս օրակարգի միջազգայնացման ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե սա Ադրբեջանում ձևավորվող հանրային պահանջ է, որն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող ՀԿ-ն՝ առանց պետական աջակցության։

Իրականությունը սակայն բոլորովին այլ պատկեր է մատնացույց անում․ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած մի քանի պայմանագրեր, որոնք դեռևս նախորդ տարեվերջին հայտնվել էին «Հետք»-ի մեր գործընկերների տրամադրության տակ, փաստում են, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող այս ծրագիրն առաջ է մղում ու ֆինանսավորում հենց Ալիևի աշխատակազմը, իսկ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունով կազմակերպությունը դրա իրականացման պտուտակներից մեկն է ընդամենը:

Թվում էր, թե 2023-ի սեպտեմբերին Արցախի լիակատար բռնազավթումից ու հայաթափումից հետո Բաքուն պետք է հրաժարվի այս օրակարգից և առաջ չմղի այն (համենայնդեպս ՀՀ իշխանությունները նման ակնկալիքներ գեներացնում էին հանրության շրջանում), սակայն ընդամենը 2 ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին, Բաքվում միջազգային կոնֆերանս էր կազմակերպվել, որը կրում էր «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» անունը: Ըստ ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության՝ դրան մասնակցել է ավելի քան 100 պատգամավոր ու փորձագետ Ադրբեջանից և շուրջ 30 այլ երկրներից:

Կոնֆերանսի նախապատրաստության շրջանակներում նույն տարվա դեկտեմբերի 1-ին Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամին Գուլուզադեն պայմանագիր է ստորագրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության աշխատակազմի ղեկավար Գալիբ Գասիմովի հետ՝ կոնֆերանսի կազմակերպման հետ կապված ծառայություններ մատուցելու համար: Պայմանագրի արժեքը կազմել է 39.770 մանաթ, որը հավասար է 23.500 դոլարի: Բացի այդ, Ալիևի աշխատակազմի ղեկավարը նույն օրը պայմանագիր է ստորագրել «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» ադրբեջանական ՀԿ-ի հետ, որպեսզի վերջինս համապատասխան ինֆորմացիա տեղադրի «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» հարթակում:

Ծառայության արժեքը եղել է 20.000 մանաթ կամ 11.800 դոլար: Եվս մի պայմանագիր Գուլուզադեն ստորագրել է տեղական ՍՊԸ-ներից մեկի հետ, որի առարկան եղել է LED էկրանի վարձակալությունը, արժեքը՝ 2.265 մանաթ կամ 1.350 դոլար: Ալիևի աշխատակազմի ղեկավարը պայմանագիր է կնքել նաև Baku Marriott Hotel Boulevard-ի հետ, որտեղ տեղի է ունեցել կոնֆերանսը, ինչպես նաև հանգրվանել են հյուրերը: Վերջիններիս սենյակների ամրագրման ծախսը կազմել է 16.000 մանաթ, 16.400 մանաթ էլ արժեցել են միջոցառման ծախսերը, ընդհանուր՝ 32.400 մանաթ կամ 19.100 դոլար:


Այսպիսով՝ միայն հիշյալ 4 պայմանագրերի ընդհանուր արժեքը եղել է շուրջ 95.000 մանաթ, որը հավասար է 56.000 դոլարի: Չի բացառվում, որ քարոզչական այս միջոցառումը կազմակերպելու նպատակով, որն ամենևին էլ միակը չի եղել, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կնքել է այլ պայմանագրեր ու տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել, որոնց մասին մեզ այս պահին հայտնի չէ։

Հաջորդ տարին՝ 2024 թվականը, այս հայեցակարգի կրթական և գաղափարական ինստիտուցիոնալացման փուլն էր։ Հենց այս տարում այս թեման մտավ դպրոցական ու համալսարանական ծրագրեր ու դասագրքեր, պետական ցուցահանդեսներ ու քարոզչական նախագծեր։ Մասնավորապես՝ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում սկսեց գործել «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտությունների կենտրոնը, որի բացման արարողության ժամանակ դրա մասնակիցները հռչակեցին «Արևմտյան Ադրբեջանը»՝ որպես «իրենց հայրենիքի անբաժանելի մաս և ադրբեջանական պետության ու ազգի նոր նպատակներից մեկը»: Ավելի վաղ՝ 2023 թվականի հոկտեմբերին, նմանատիպ կենտրոն էր ստեղծվել Բաքվի պետական համալսարանում:

Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային հավակնությունների բացառիկ օրինակ է նաև 2024 թվականին Ադրբեջանում լույս տեսած պատմության 5-րդ դասարանի դասագրքի հիշյալ հատվածը․ «Մոսկվայի ղեկավարությունը Հայկական ԽՍՀ-ին փոխանցեց Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում՝ Շարուր-Դարալագյազը և Արևմտյան Զանգեզուրը: Արդյունքում Ադրբեջանն առանձնացվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով արտաքսվել էին իրենց նախնիների հողերից, հետագայում ձևավորեցին «Արևմտյան Ադրբեջանի» համայնք: Այս համայնքը հանդես է գալիս միջազգային կազմակերպությունների առջև՝ մեր պատմական ժառանգության և բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համար: Նրանք շարունակում են պայքարել հայրենիք վերադառնալու համար»:

Բացի այդ, 2024-ին այս օրակարգն ակտիվորեն սկսեց շրջանառվել ադրբեջանական լրատվամիջոցներում, որտեղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն անվանվում էր «Արևմտյան Ադրբեջան», օգտագործվում հայկական բնակավայրերի ադրբեջանական արհեստածին անվանումները՝ չթաքցնելով դրանց նկատմամբ ունեցած հավակնությունները։

Պետական մակարդակով նման կառույցների ստեղծումն ու ֆինանասավորումը, քարոզչության իրագործումը վկայում են Բաքվի մտադրությունների լրջության և վտանգավորության մասին։ Դրանք շատ ավելի հեռուն են գնում, քան քաղաքական ղեկավարության սպառնալից հռետորաբանությունն է:

Այսպիսով՝ 2022-2024 թվականների ընթացքում Ադրբեջանում ստեղծվել և ինստիտուցիոնալացվել է այս օրակարգը, որով մի կողմից Ադրբեջանը տարածքային հավակնություններ է դրսևորում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ մյուս կողմից միջազգային հանրությանը հրամցնում այն թեզը, թե իբր Հայաստանում ապրող ադրբեջանցիները էթնիկ զտումների են ենթարկվել և վտարվել իրենց «նախնիների հայրենիքից»՝ դրանով իսկ փորձելով լեգիտիմացնել արցախիցիների և առհասարակ ողջ ադրբեջանահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը, որը համահավասրար է ցեղասպանության։ Կարճ ասած՝ սա սողացող պատերազմ է Հայաստանի դեմ, որին օրվա իշխանությունները պատշաճ կերպով չեն հակազդում այս օրակարգին և չեն չեզոքացնում դրա հետևանքները, փոխարեն առաջարկում են, որ Երևանն ու Բաքուն հայելային կերպով հրաժարվեն արցախցիների և ադրբեջանցիների վերադարձի օրակարգից, սակայն անգամ դրան Ադրբեջանը չի համաձայնում։

Հավելենք նաև, որ Հայաստանում ադրբեջանցիներ ապրել են, սակայն նրանք երբեք էթնիկ զտումների և բռնի տեղահանության չեն ենթարկվել։ 1989 թվականին ՀԽՍՀ կառավարությունն այստեղից հեռացող ադրբեջանցիներին գույքի փոխհատուցում է տրամադրել, որոշները հնարավորություն են ունեցել վաճառել կամ փոխանակել իրենց գույքը և հեռանալ, ընդ որում՝ առանց կոտորածների կամ էթնիկ զտումների ենթարկվելու։ Ցավոք սրտի ադրբեջանահայությունը նույն վերաբերմունքին չի արժանացել․ Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետևանքով վերջիններս մազապուրծ փախուստի դիմեցին Ադրբեջանից՝ չստանալով անգամ նյութական փոխհատուցում։ Շատերն անգամ հեռանալու հնարավորություն չունեցան և ջարդերի հետևանքով զոհվեցին։

Այսօր Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով մենք բախվել ենք մի խնդրի, երբ Արցախից բռնվի տեղահանված ավելի քան 150 հազար հայերի քաղաքական իրավունքները նույնացվում են ադրբեջանցի փախստականների խնդրի հետ՝ այն դեպքում, երբ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների խնդիրը պետք է նույնացվեր, օրինակ՝ Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից բռնի տեղահանված հայերի խնդրի հետ, որոնց թիվը տարբեր հաշվարկներով գերազանցում է 500 հազարը։

Հոդվածի հաջորդ մասում կներկայացնենք, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի օրակարգն ինչ տրանսֆորմացիաներ է ունեցել 2025-2026 թվականներին, հատկապես՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հավաստիացումների ֆոնին։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին