Հայաստանի տնտեսության հիմնական «շարժիչներից» մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վերջին տարիներին ավելի հաճախ հայտնվում է քաղաքական սկանդալների կենտրոնում, քան տնտեսական հաջողությունների հաշվետվություններում։
Եվ մինչ իշխանությունները միջազգային հարթակներում փորձում են ներկայացնել տնտեսական «աննախադեպ աճի» պատկեր, իրական ցուցանիշները այլ բան են հուշում․ Հայաստանը, ըստ տարբեր հրապարակումների, տիրապետում է մոլիբդենի համաշխարհային պաշարների շուրջ 7 տոկոսին, սակայն համաշխարհային արտադրության մեջ արձանագրում է ընդամենը 2.2 տոկոս մասնաբաժին։

Խնդիրը միայն թվերի տարբերությունը չէ, այլ այն, որ Հայաստանի պետական բյուջեի համալրման առանցքային աղբյուրներից մեկը փաստացի մտնում է ստագնացիոն (լճացման) փուլ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ համարվում էր Հայաստանի խոշորագույն հարկատուն, արդեն պարբերաբար զիջում է առաջատարի դիրքերը։
Սա պարզապես վիճակագրական փոփոխություն չէ․ դա ազդակ է, որ երկրի արդյունաբերական հիմնական հենարաններից մեկի արդյունավետությունը նվազում է։ Ըստ ԶՊՄԿ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի մոլիբդենի պաշարների շուրջ 90%-ը կենտրոնացած է Քաջարանի հանքավայրում։ Այդուհանդերձ, ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ ձգտում է դառնալ «աշխարհի առաջատար արտադրողներից մեկը», և 2025 թվականին ունի մոլիբդենի համաշխարհային արտադրության 2.20% մասնաբաժին։

Այստեղ առաջանում է կարևոր հակադրություն․ եթե Հայաստանը, ըստ հրապարկված տվյալների, ունի մոլիբդենի հսկայական պաշարներ, ապա ինչո՞ւ է համաշխարհային արտադրության մասնաբաժինը ընդամենը 2.2%, և այդ ռեսուրսից ստացվող կապիտալը որքանո՞վ է վերադառնում Հայաստանի տնտեսություն և պետական բյուջե։ Քննադատները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տնտեսական կառույցները սկսեցին ավելի ակտիվ ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։
ԶՊՄԿ-ի պարագայում այդ ազդեցությունն ավելի ցայտուն է, քանի որ տնտեսական որոշումների փոխարեն առաջնային դարձան քաղաքական հաշվարկները, իսկ արդյունքը՝ արտադրական և կառավարչական անկայունությունը։ Այս համատեքստում հաճախ հնչում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Նարեկ Բաբայանի անունը։ Թեև պաշտոնական մակարդակով պատասխանատվության ամբողջական պատկերը բացահայտված չէ, սակայն փորձագետները պնդում են, որ հենց այդ շրջանակների որոշումներն են հանգեցրել Հայաստանի մոլիբդենային ներուժի նվազեցմանը:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև ԶՊՄԿ-ի սեփականացման գործընթացի թափանցիկության հարցը, քանի որ նոր սեփականատերերի ի հայտ գալու սխեմաները մինչ օրս բազմաթիվ հարցականներ են առաջացնում փորձագիտական շրջանակներում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ընկերության 60 տոկոսի սեփականատեր համարվող Տատյանա Երշովայի մասին գրեթե անհնար է որևէ կենսագրական կամ հանրային տեղեկատվություն գտնել բաց աղբյուրներում։ Սա թերևս ամենամութ կետն է ԶՊՄԿ-ի նորագույն պատմության մեջ։ Ամենամեծ բաժնեմաս ունեցող անձի մասին տեղեկատվության բացակայությունը համարվում է բարձր կոռուպցիոն ռիսկ։
Սա հարցեր է առաջացնում նաև «իրական շահառուների» թափանցիկության վերաբերյալ։
Այսպիսով՝ մինչ միջազգային առաջնորդների հետ լուսանկարներն ու ձեռքսեղմումները ներկայացվում են որպես արտաքին քաղաքական հաջողություն, երկրի տնտեսության իրական հիմքերը՝ արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և արտահանման հիմնական ճյուղերը, փաստացի կորցնում են իրենց մրցունակությունը։
Հարկ է արձանագրել՝ երբ ռազմավարական նշանակության հիմնարկի խորհրդում նշանակվում են քաղաքական թիմի անդամներ (ինչպես Նարեկ Բաբայանը), տնտեսական որոշումները հաճախ ստորադասվում են քաղաքական նպատակահարմարությանը։ Եթե համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները բարձր են, բայց Հայաստանի գլխավոր հարկատուն նահանջում է, նշանակում է՝ խնդիրը ոչ թե արտաքին շուկայում է, այլ ներքին կառավարման և քաղաքական միջամտության։
Oragir.News-ը հարցում է ուղարկել ԶՊՄԿ-ի ղեկավարությանը՝ ակնկալելով հստակ և սպառիչ պատասխաններ։
Հասմիկ Մովսիսյան
Հասմիկ Մովսիսյան