Ներքին 56 րոպե առաջ - 21:25 07-09-2026

Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 5-ին ամուսնացել է Անելիա Գուբրյանի հետ։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել եկեղեցում։

Սիմոնյանի համար սա երրորդ ամուսնությունն է։ Ալեն Սիմոնյանի երրորդ ամուսնության և եկեղեցական պսակադրության վերաբերյալ հարցերին Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է Տեր Վրթանես Բաղալյանը։

Հոգևորականի խոսքով՝ այս դեպքում առանցքային հարցն այն է, թե Սիմոնյանի նախորդ ամուսնություններից որոնք են եկեղեցական կարգով եղել, և արդյոք նա ամուսնալուծվել է եկեղեցական կարգով:

«Եթե մարդը նախկինում մի քանի անգամ ամուսնացած է եղել և դրանցից որևէ մեկը եկեղեցական պսակադրությամբ է եղել, ապա նորից եկեղեցական պսակադրության համար պետք է Եկեղեցով ամուսնալուծվի նախորդ ամուսնուց, կամ կինն է մահացել, կամ դավաճանության կամ պոռնկության պատճառով է ուզում բաժանվել։ Շնանալու դեպքում եկեղեցին չի ամուսնացնում շնացողի 2-րդ պսակը, բայց ոչ թե սեփական քմահաճույքից ելնելով։ Երկրորդ պսակն ունի իր պայմանները։ Իսկ երրորդ պսակ գոյություն չունի»,- ասաց նա:

Հոգևորականը նշեց նաև, որ ինքը դեմ է այն վերաբերմունքին, երբ մարդիկ պսակի խորհրդին լուրջ չեն մոտենում, այն դարձնում են հանրային ցուցադրության առարկա. «Եթե իրենք պսակի խորհուրդը իսկապես այդքան կարևոր են համարում, կարող էին համեստ պայմաններում դա անել՝ առանց ամբողջը հանրայնացնելու և համացանցում տարածելու։ Ես դեմ եմ այն երևույթին, երբ դա ներկայացվում է այս ձևով և հասարակությանը ինչ-որ տեղ վատ օրինակ է դառնում»,– նշեց նա։

Տեր Վրթանես Բաղալյանն անդրադարձավ նաև ամուսինների տարիքային տարբերությանը։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ այդ հանգամանքը գնահատում է որոշակի վերապահումով։

«Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ընտրում: 47 տարեկան տղամարդու և 22 տարեկան կնոջ ամուսնությունը որը չգիտես 3-րդ, թե 4-րդն է։ Ես չեմ ասում, որ դա անհնար է։ Բայց երբ տղամարդն արդեն նախկին ամուսնությունից երեխաներ ունի, այդպիսի մեծ տարիքային տարբերության դեպքում ամոթ է։ Եվ բացի այդ՝ մարդը գրեթե այդ աղջկա տարիքի երեխաներ ունի: Եթե նրանք իսկապես սիրո հիման վրա են ամուսնացել, ես միայն ուրախ կլինեմ նրանց համար։

Բայց ես այդտեղ իրենց ամուսնության մեջ սերը չեմ տեսնում։ Սերը միայն հաճույքը կամ զվարճանքը չէ։ Սերը զոհողություն է, պատասխանատվություն է։ Ես նաև պսակադրության ժամանակ նկատեցի, որ Սիմոնյանի դստեր դեմքը տխուր էր։ Իհարկե, սա իմ անձնական տպավորությունն է, և ես չեմ կարող ասել՝ իրականում ինչ էր կատարվում նրա ներսում, բայց ինձ համար դա ևս որոշակի հարց առաջացրեց»,– ասել է հոգևորականը։

Նա իր քննադատությունը կապել է նաև պետական պաշտոնյաների վարքագծի և հասարակության առաջ նրանց պատասխանատվության հետ, նշելով, որ գոնե նման մեղքեր գործած մարդը պետք է որոշ ժամանակ ապաշխարհի, ապա՝ նոր գնա ամուսնության. «Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել ենք մոտ 4800 տղա, իսկ եթե հետագա պատերազմական գործողություններում, Ջերմուկում, Վարդենիսում և մյուս դեպքերում զոհվածներին էլ հաշվենք, այդ թիվը 5000-ից ավելի է։ Ու մենք ունենք ավելի քան 5000 հերոս տղաներ, լավ տղաներ, ազնիվ ու բարոյական տղաներ, որոնք արժանի էին իրենց առաջին պսակին»,- ասաց Տեր Վրթանեսը:

Հոգևորականի խոսքով այս պայմաններում, երբ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդը նման կերպ է ներկայացնում իր անձնական կյանքը, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչ օրինակ է նա ցույց տալիս հասարակությանը. «Ես խոսում եմ ոչ թե նրա անձնական կյանքի մեջ միջամտելու համար, այլ այն պատճառով, որ նա հանրային պաշտոնյա է, և իր քայլերը հանրային ընկալում են ստանում»:

Նա նշեց նաև, որ դեմ է այն մոտեցմանը, երբ մի կողմից խոսում են բարոյական արժեքների մասին, իսկ մյուս կողմից փորձում են տարբեր երևույթներ ազատականացնել, այդ թվում՝ թմրամիջոցների կամ մարիխուանայի հետ կապված հարցերը, և միաժամանակ հասարակության առաջ նման կերպ ներկայացնել ընտանիքի ու ամուսնության գաղափարը, որոնք անհամատեղելի են: Հոգևորականը անդրադարձավ նաև պսակադրության ընթացքում հնչած ձևակերպումներից մեկին. «Համացանցում տարածել ու գրել են՝ քահանայի խոսքը՝ «Որդյակ, ինչպես ա՝ մինչև չորրորդ ամուսնություն տե՞ր ես»։

Ես դա լսելով՝ բնականաբար, հարց եմ տալիս՝ սա ի՞նչ վերաբերմունք է պսակի խորհրդին։ Եթե մարդը մտքում արդեն հաջորդ ամուսնության հնարավորությունն է թողնում, այսինքն մինչև մահ հասկացությունը չկա, ինչպե՞ս կարող է այդ պահին խոսել ամուսնության սրբության և հավերժության մասին։ Պսակը խաղ չէ։ Պսակը մարդու և Աստծո առաջ ստանձնած պատասխանատվություն է։ Դրա համար էլ ես ասում եմ՝ պետք է շատ լուրջ վերաբերվել այդ խորհրդին»։

Տեր Վրթանես Բաղալյանը հարցեր է բարձրացրել նաև պսակադրությունն իրականացրած հոգևորականի և խաչեղբոր հետ կապված հանգամանքների վերաբերյալ՝ նշելով, որ դրանց վերաբերյալ ևս որոշակի հարցեր կան։

«Ինձ համար հարց է նաև այն, թե ով է կատարել այդ պսակադրությունը և ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել։ Այն կատարել է Խաչիկ գյուղի տիրադավ հոգևորական տեր Հովհաննեսը, որը նախկինում ևս աչքի էր ընկնում Սիմոնյանի հետ սերտ կապերով: Իսկ ամեն նման պաշտոնյա իր տիրադավին ունի»:

Հարցեր կան նաև խաչեղբոր՝ ազապբաշու հետ կապված։ Եթե մարդն այդ կարգավիճակով է հանդես գալիս, պետք է նաև այդ խորհրդի իմաստին համապատասխան հանգամանքներ լինեն։ Իսկ այստեղ էլ որոշակի անհամապատասխանություններ եմ տեսնում։ Ես նաև դեմ եմ այդ ամենի շուրջ մեծ, ցուցադրական միջոցառում կազմակերպելուն, երբ դրան մասնակցում են հանրային դեմքեր, այդ թվում՝ մարդիկ, որոնք իրենց ընդդիմադիր են ներկայացնում։ Այդ ամենը հանրայնացվում է, տարածվում է համացանցում, և հասարակությունը տեսնում է այդ ամենը։ Ես կարծում եմ, որ պետական պաշտոն զբաղեցնող մարդիկ պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց վարքին»։

Հոգևորականի խոսքով՝ հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ Սիմոնյանը բարձր պետական պաշտոն է զբաղեցնում և նախկինում ևս բարձր պաշտոններ է զբաղեցրել։ «Ալեն Սիմոնյանը սովորական քաղաքացի չէ նախկինում էլ բարձր պաշտոն է զբաղեցրել։ Եվ երբ այդպիսի մարդը հանրության առաջ նման օրինակ է ցույց տալիս, պետք է մտածի նաև այն երեխաների ու երիտասարդների մասին, որոնք դա տեսնում են»,- ասաց նա:

Քահանայի խոսքով՝ պետք է երիտասարդներին սովորեցնենք, որ ընտանիքը պատասխանատվություն է, հավատարմություն է, զոհողություն է. «Ես նրա անձնական կյանքի վերաբերյալ առանձնահատուկ բան չունեմ ասելու և որևէ վատ բան չեմ ցանկանում։ Բայց ես ուզում եմ, որ մեր երիտասարդները չհետևեն այն օրինակին, որը, իմ կարծիքով, այստեղ ցուցադրվեց։ Ես մաղթել եմ, որ իրենց վատ օրինակին չհետևեն։ Աստված զորացնի»։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին