ՔՊ-ական իշխանություններն առաջնորդվում են խմբային շահերով՝ երբեմն արհամարհելով օրենքն ու կարգը։ Օրինակ՝ Գարեգին Բ-ի նկատմամբ խտրական վերաբերմունքը չունի ազգային, օրինական հիմքեր։ Այս դիմակայության արդյունքում աղմկահարույց պաշտոնանկություն է տեղի ունեցել, ինչը վրդովվեցրել է շատերին։
Օրեր առաջ «
Ազատությունը» տեղեկացրել էր, որ Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էջերից հեռացնելուց հետո աշխատանքից ազատվել է արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը։
Ի՞նչ է սա նշանակում։
Ոմանց կարծիքով՝ սա անիրավչություն է։ Տարիներ շարունակ ՑԹԻ-ն իր էջերում լուսաբանել է Վեհափառի ապրիլքսանչորսյան այցը։ Ոչ մի օրենք ու կարգ չի փոփոխվել այս ընթացքում։ Սակայն Վեհափառի այցի մասին լուրն ու լուսանկարները ՑԹԻ էջերում տեղադրելու հարցում, պարզվում է, բան է փոխվել։ Ենթադրելի է, որ Վեհափառի մասին լուրը հեռացնելը թելադրվել է ՔՊ-ի կողմից, որովհետև այս հարցում օրինական շահառու գոյություն չունի։
Հիշենք, որ կաթողիկոսին գահընկեց անելու ցանկություն հայտնել է Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ տարի առաջ։ 2025-ի մայիսի 29-ին նա Կառավարության նիստում ասաց, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Դրանից հետո Փաշինյանը հռչակեց Գարեգին Բ-ին գահընկեց անելու իր ցանկությունը։ Ներկայումս նրա այս ցանկությունը տեղ է գտել նաև ՔՊ-ի նախընտրական ծրագրում։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՔՊ-ական կառույց չէ, պետական հաստատություն է։ Այստեղ ՔՊ-ի ծրագրերով ու Փաշինյանի ցանկությա՞մբ են առաջնորդվում։ Նախ հեռացնում են Վեհափառի մասին լուրը, հետո աշխատանքից ազատում լրատվության բաժնի ղեկավարին։ Սա անիրավչություն չէ՞։
Նախորդ անգամ ՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ էր արվել Փաշինյանի ցուցումով։ ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչումը չի համարում արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Այս առումով՝ Էդիտա Գզոյանի կողմից ԱՄՆ փոխնախագահ Վենսին Ցեղասպանության մասին գիրք նվիրելը որակվել էր որպես ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը հակասող արարք։ Անձամբ Փաշինյանն էր անդրադարձել ու ակնարկել, որ իր ցուցումով է պաշտոնանկ արվել Գզոյանը, քանի որ Կառավարության ներկա կուրսին հակառակ բան է արել։
Այս պարագայում աշխատանքից ազատվել է ՑԹԻ արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավարը Վեհափառի այցը լուսաբանելու համար։ Այստեղ չկա կառավարության որոշում, քաղաքական կամ արտաքին քաղաքական ուղեգիծ, միջազգային պարտավորություն։ ՔՊ-ական իշխանությունը արհամարհո՞ւմ է, որ ՑԹԻ-ն պետական հիմնարկ է։ Նշենք, որ Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելը որևէ կերպ չի արտացոլվել որևէ իրավական փաստաթղթում։ Միակը Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների հայտարարությունն է, այսպես կոչված, բարեփոխումներ անելու մտադրության մասին։ Այս առումով՝ կարելի՞ է ասել, որ ՔՊ-ն զավթել է իշխանությունը և, առանց օրինական հիմքի, իր կամայականություններն է պարտադրում ՑԹԻ-ին։ Ամիսներ առաջ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն ինքն է։ Գուցե ՑԹԻ-ն էլ է ինքը։
ՑԹԻ արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավարին աշխատանքից ազատելը քննադատելի է նաև մարդասիրական առումով։ Վեհափառի այցի լուսաբանումը ազգային, մարդկային ողբերգության պատճառ չի հանդիսացել, դրա արդյունքում հարկատուի միջոցներ չեն յուրացվել։ Այսինքն՝ Կարինե Հարությունյանը օրենք, կարգ, նորմ չի խախտել, վատ բան չի արել, որը կարող էր պաշտոնանկության պատճառ դառնալ։ Սակայն ՔՊ-ն, հավանաբար, այնքան թույլ է զգում իրեն, որ Վեհափառի այցի մասին լուրը իներցիայով դնելու համար կարգադրում է աշխատանքից ազատել բաժնի ղեկավարին, որ պետական մյուս կառույցների աշխատողները Վեհափառի մասին չհամարձակվեն նույնիսկ չեզոք կարծիք հայտնել։ Սա արդեն ճնշում է քաղաքացու ազատության, կարծիք ունենալու իրավունքի վրա։
Կարճ ասած՝ ՑԹԻ արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանին աշխատանքից ազատվելը ՔՊ-ի փոքրոգության, պետական հիմնարկների ավանդույթները, ինքնավարությունը, կարգը չհարգելու, մարդասիրական խիզախություն չունենալու ցուցիչ է։ Սա նաև վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ, ու կամայականությունների ալիքը կարող է տարածվել այլ հիմնարկներում՝ ոտնահարելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները։
Թաթուլ Մկրտչյան
Թաթուլ Մկրտչյան