Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:40 29-04-2026

Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները նպատակ ունեն կանխել արտերկրում բնակվող հայերի ընտրական ակտիվությունը և մարդկանց վրա հոգեբանական ազդեցություն գործել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե եթե արտերկրում բնակվող քաղաքացիներին ընտրակաշառք է առաջարկվել, և նրանք ընդունել են, ապա Հայաստան ժամանելուն պես կձերբակալվեն Զվարթնոց օդանավակայանում կամ սահմանային այլ անցակետերում։

Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունների նման հայտարարությունները չի կարելի դիտարկել միայն իրավական հարթության մեջ, քանի որ դրանք ունեն նաև քաղաքական ենթատեքստ։

«Ռուսաստանի Դաշնությունը համարվում է առավել մերձավոր սփյուռք՝ պայմանավորված այնտեղ սեզոնային աշխատանքի մեկնող և պարբերաբար Հայաստան վերադարձող քաղաքացիների մեծ թվով։ Եվրոպա կամ ԱՄՆ տեղափոխված հայերը հաճախ ընտանիքներով են գնում և տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են այցելում, ինչը կարող է չհամընկնել ընտրությունների հետ։ Իսկ Ռուսաստանից Հայաստան եկող քաղաքացիների ընտրական ակտիվությունը շատ ավելի մեծ կարող է լինել»,- նշեց նա։

Սուքիասյանի կարծիքով՝ հենց այդ հանգամանքով է պայմանավորված իշխանությունների զգուշավոր վերաբերմունքը ռուսաստանաբնակ հայ ընտրողների նկատմամբ։

«Բուն հայտարարության նպատակը այդ մարդկանց ընտրական ակտիվությունը կանխելն է։ Ես չեմ բացառում, որ առաջիկայում օդանավակայանում կամ սահմանային անցակետերում կարող են կազմակերպվել ցուցադրական գործողություններ՝ մի քանի հոգու ձերբակալեն կամ նման տեսարան ստեղծեն, որ մարդկանց աչքը վախեցնեն և ցույց տան, թե հայտարարությունները գործնական հետևանքներ ունեն»,- ասաց նա։

Հարցին՝ քաղաքացիները կվախենա՞ն նման հայտարարություններից, Սուքիասյանը պատասխանեց, որ հույս ունի՝ ոչ, սակայն ազդեցությունը բացառել չի կարելի։

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե հոգեբանական ինչ ազդեցություն դա կունենա մարդկանց վրա։ Սա ընտրությունների արդյունքների վրա կանխավ ազդելու փորձ է՝ շանտաժի, սպառնալիքի և վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով»,- նշեց նա։

Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունները հատկապես անհանգստացած են այն ընտրողներով, որոնց նկատմամբ վարչական լծակներ չունեն։

«Դրսից եկող հայերի վրա իրենք չունեն վերահսկողություն, չունեն վարչական ճնշման գործիքներ, և իրենց պատկերացմամբ նրանք դառնում են անվերահսկելի ընտրողներ։ Այդ պատճառով փորձում են կանխարգելիչ հոգեբանական ազդեցություն գործել՝ իրենց համար հնարավոր վատ արդյունքներից ապահովագրվելու նպատակով»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են որոշելու՝ տվյալ քաղաքացին ընտրակաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ, Սուքիասյանը նշեց, որ իշխանությունները նման հարցերում ապացույցների պակասից չեն կաշկանդվում։

«Նրանք կեղծիք տարածելու բարդույթ չունեն։ Նախկինում էլ տեսել ենք աղմկահարույց գործեր, որոնք հետո դատարաններում փուլ են եկել։ Այս պահին նրանց նպատակը իրավական հիմնավորումը չէ, այլ մթնոլորտ ստեղծելը, մարդկանց վրա ճնշում գործադրելը և ընտրական գործընթացի վրա ազդելը»,- ասաց նա։

Վերջում Սուքիասյանը հավելեց, որ, իր գնահատմամբ, սա «տապալված իշխանության հուսահատ փորձերից մեկն է՝ մարդկանց վախեցնելու միջոցով ազդել ընտրական պատկերի վրա»։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից