Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:30 24-04-2026

Ժողովուրդն ինչ անի երկու անփոխարինելիների արանքում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն իր հրաժարականի 8-ամյակի առթիվ պատշաճ քննադատվել է։ Սակայն մի դրվագ արժանի է հավելյալ ուշադրության։

«Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ։ Ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որ խորությամբ ճանաչում էի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն ու գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետև այն պահած թիմի անդամ»,- գրել է նա։

Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը լրիվ ճիշտ է, երբ գրում է, թե իր հեռանալը հանգեցնելու էր աղետի։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե նա ոչ թե 2018-ին հրաժարական տար ռուսների ճնշմամբ, այլ բանակցությունները ձգձգվեին 49 տարի, և նա ծերանար ու ծերության պատճառով չկարողանար բանակցել, կրկի՞ն նույն աղետն էր լինելու։ Կամ եթե Աստված մի արասցե՝ առողջական խնդիր ունենար ու չկարողանար շարունակել բանակցությունները, դարձյա՞լ նույն աղետն էր լինելու։

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է իրեն անփոխարինելի ներկայացնում, ասելով՝ եթե իրեն չընտրեն, ապա պատերազմ կսկսվի, աղետ։ Ի տարբերություն Սարգսյանի, Փաշինյանը կոկորդ է պատռում, ընդծգում իր անփոխարինելությունը։ «Ժողովուրդը պիտի տեր կանգնի խաղաղությանը», ասում է նա։ Կարծես՝ ակնարկում է, թե ստիպելու է մարդկանց, որ իրեն ընտրեն։

Ինչքան Փաշինյանի սպառնալիքներն են համոզիչ, նույնքան Սերժ Սարգսյանի հետահայաց անդրադարձը։ Ի՞նչ տարբերություն և նմանություն կան նրանց խոսույթի, փիլիսոփայության ու ձեռագրի միջև։

Քաղաքականության մեջ անփոխարինելիության բարդույթը որպես կանոն հանգեցնում է ճգնաժամի։ Այսպիսի ճգնաժամը բնորոշ է փտած ռեժիմներին, ավտորիտար համակարգերին, մարդ-պետություններին, մարդ-կուսակցություններին, որտեղ առաջնորդն անփոխարինելի է։

Նորմալ երկրներում այդ ճգնաժամի ռիսկը հաշվի առնելով՝ քաղաքական ժառանգորդ են պատրաստում, նրան փոխացնելով ամբողջ գիտելիքն ու տեղեկատվությունը, նրան ներկայացնելով աշխարհին, որպես գործի, գաղափարի պոտենցիալ շարունակող։

Ժողովրդավարական հասարակարգերում կուսակցությունն առաջ է մղում առաջնորդի որակ ունեցողին, նրան փոխանցում գիտելիքն ու տեղեկատվությունը, որոնք ամբարել են տարիների ընթացքում։ Օրինակ՝ 1995-ի ընտրություններից առաջ, երբ Հանրապետական կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի ընդունելությանն էինք արժանացել, նա ասաց՝ «Եկեք, Ձեզ ծանոթացնեմ նրա հետ, ով ինձնից հետո լինելու է Հանրապետական կուսակցության նախագահ»։

Այսինքն՝ դեռ 1995-ից կամ դրանից առաջ Անդրանիկ Մարգարյանին պատրաստում էին, որ ըստ հարկի՝ փոխարինի Աշոտ Նավասարդյանին։ Եվ այդպես եղավ։ Ու դա ոչ ոքի համար անակնկալ չեղավ։ Հանրապետական կուսակցությունը պատրաստե՞լ էր իրավահաջորդին, որը կշարունակեր բանակցությունները։ Կամ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ինչո՞ւ Փաշինյանին չփոխանցեցին բանակցային ամբողջը։

Նույն աղետալի իրավիճակն է ՔՊ-ում։ Չի ներկայացվում մեկը, որը կարող է փոխարինել Փաշինյանին։ Վերջինիս բացասական վարկանիշը դրականից մոտ երկու անգամ բարձր է։ Սա մեծացնում է հունիսի 7-ին պարտվելու ռիսկը։ Այսպիսի իրավիճակում ողջամիտ կլիներ, որ Փաշինյանը հանգստի կոչվեր և ՔՊ-ի ցուցակը գլխավորեր մեկ ուրիշը, որն ուղիղ չի ասոցիացվում աղետալի սխալների, պարտությունների ու կորուստների հետ։ ՔՊ-ում ոչ ոքի չեն վստահո՞ւմ Փաշինյանից բացի, թե՞ Փաշինյանը ոչ ոքի չի վստահում։ Իսկ ո՞վ է նրան փոխարինելու վաղը։

Կարելի է պատկերացնել, թե ինչ է գրելու Փաշինյանը հունիսի 7-ին պարտվելուց հետո։ Նա հանդիմանելու է ապերախտ ժողովրդին, որ խաղաղություն չուզեց, չընտրեց անփոխարինելի բանակցողին, երկիրն աղետի մատնեց։ Սակայն ի տարբերություն Սերժ Սարգսյանի, նա չի ասելու՝ «Ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի»։ Փաշինյանն, ինչպես վայել է հեղափոխական գործչին, ամբողջ մեղքը բարդելու է ժողովրդի վրա, նրան կարգելով ենթադրյալ աղետի հիմնական մեղավոր՝ քավության նոխազ։

Սա է Սերժ Սարգսյանի և Փաշինյանի էական տարբերությունը։ Առաջինն, ինչքան էլ մերժված էր ժողովրդի մի մասի կողմից, այնուամենայնիվ ընդունում է իր սխալ հաշվարկը։ Իսկ եթե նա խիզախորեն գաղտնազերծի իշխանափոխության բոլոր մանրամասները, ապա կնպաստի անկախությանն ու ժողովրդավարությանը։ Իսկ նրանց նմանությունն այն է, որ երկուսի մոտ էլ անփոխարինելության բարդույթի հայտանիշներ կան։ Լավն այն է, որ մեկն իրեն կարծես՝ դուրս է դնում քաղաքական պայքարից։ Հույս կա, որ մյուսն էլ հունիսի 7-ին կլքի քաղաքական արենան։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան