Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 19:00 24-04-2026

Պանթյուրքիզմի դատապարտումից և պահանջատիրությունից մինչև հայրենիքի փնտրտուքի դադարեցում․ Փաշինյանի ուղերձների տխուր դինամիկան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ 111 տարի առաջ՝ 1915 թվականի հենց այս օրը Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, մեկնարկեցին հայ մտավորականության զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները՝ հայ ազգի սերուցքի ոչնչացումը։

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ Հայաստանում արդեն որերորդ տարին է պետական մակարդակով ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատարտումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Հավանաբար ՀՀ գործող իշխանությունների նպատակը խաղաղության օրակարգը չվիժեցնելն է, որը փաստացի փակուղի է մտել։

Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում վերջին տարիների օրինակով խուսափում էր Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց․ կառավարության ղեկավարն իր այս տարվա ուղերձում 5 անգամ օգտագործեց Մեծ եղեռն եզրույթը, իսկ Հայոց ցեղասպանությունը՝ միայն 2 անգամ։ Նման կերպ տարիներ շարունակ վարվել և շարունակում են վարվել ԱՄՆ նախագահները՝ բացառությամբ նախկին նախագահ Ջո Բայդենի (2021-2024), որպեսզի խուսափեին կատարվածին առարկայական գնահատական տալուց...

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում շեշտադրել է, որ Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։ Նա միառժամանակ պնդել է՝ «չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ համոզմունք է հայտնել, թե Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր։ «Մենք ունենք պետություն և խաղաղություն: Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա: Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կմ տարածքից դուրս: Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար»,- ասել է նա։

Վերջինս համոզմամբ՝ այն ուժերը , որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև, աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ «Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։ Զոհերի եւ զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է, իսկ ՀՀ քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների իղձերի և ընդհատված երազանքների իրագործումը։

Oragir.News-ն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձները՝ հասկանալու համար, թե այս տարիներին Հայոց ցեղասպանության հարցում ինչպես են փոխվել կառավարության ղեկավարի պատկերացումներն ու շեշտադրումները․

Պաշտոնավարման առաջին տարում՝ 2019-ի ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանն իրավմամբ նշել էր՝ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: 2019-ին նա շեշտում էր, որ հայ ժողովրդին զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Բացի այդ, նա ընդունում էր, որ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը, ինչը հանցագործություն էր ողջ մարդկության դեմ։

Անդրադառնալով մտավորականության կոտորածին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, որ նրանք հայ ժողովրդի խիղճն էին ու ինքնության առանցքը․ «Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:

2020-ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր ուղերձը հղեց Ծիծեռնակաբերդից՝ իր պաշտոնավարման ընթացքում առաջին ու դեռևս վերջին անգամ դիմելով ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ու Սփյուռքի հայությանը։ Նա արձանագրում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է ոչ միայն հայ ժողովրդի ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, քանի որ ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությանը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր։

Փաշինյանն այս օրն անդրադարձավ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և դատապարտեց այն, նշեց՝ հիշում և պահանջում է․ «Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում»։

Ուղերձի վերջում Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին, իսկ վերջում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, ինչպես նաև Սփյուռքին։

Հետպատերազմյան առաջին տարում՝ 2021 թվականի ապրիլի 24-ին, որը համընկում էր նաև նույն տարվա ամռանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանի հետ, Փաշինյանը պնդել էր, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության որդեգրած թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության հետևանքով, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը։ Նա նկատում էր՝ Արցախյան 44-օրյա պատերազմը փաստեց, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն՝ ընդգծելով՝ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն էր հրավիրում այն բանին, որ Թուրքիայի ցեղասպան գաղափարախոսությունը վերածնվում է․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ նեոպանթյուրքիստական սպառնալիքի պատասխանը պետք է լինի ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Նա հավելում էր՝ հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները և ընդգծում՝ ասվածը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում, Հայաստանը պատրաստ է դրան։

Վերընտրվելուց հետո իր առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում՝ 2022-ի ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներն անհամեմատ ավելի մեղմ էին։ Նա թեև նշում էր, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի նախնիներին բնաջնջելն էր, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այլևս չէր շեշտում ժամանակակից Թուրքիան այդ քաղաքականության շարունակողն է։ Նա ընդգծում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, ապա շարունակում՝ այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

2022-ի հենց այս օրը Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի մասին։ «Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով:Նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»,- նշում էր նա:

Արդեն հաջորդ տարի՝ 2023-ի ապրիլի 24-ին՝ Արցախի ցեղասպանության օրերին, Նիկոլ Փաշինյանն այլևս չխոսեց Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պանթուրքիստական գաղափախոսության ու դրա վերածննդի և ամենակարևորը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին։

Եթե 2020-ին Փաշինյանը Հայոց ցեղասպանության պատճառ էր համարում պանթուրքիստական գաղափարախոսությունն ու Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները, ապա 2024-ի ապրիլի 24-ին խոսում էր արդեն աշխարհաքաղաքական խարդավանքների մասին։ «Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով»:

2024-ին Նիկոլ Փաշինյանն ընդգծում էր, որ հայրենազրկումը հայ ժողովրդի համար դատավճիռ չէ և կոչ անում դադարեցնել կորուսյալ հայրենիքի փնտրտուքը։ «Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն»,- նշում էր նա։

2025 թվականի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չհիշատակեց Հայոց ցեղասպանությունը կազմակերպած պետությանը՝ Օսմանյան կայսրությանը և նրա իրավահաջորդին՝ Թուրքիայի Հանրապետությանը։ Նա համոզմունք հայտնեց, որ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ ըստ իրեն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան։

«Պետություն և պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը»,- նշել էր կառավարության ղեկավարը, ապա նկատել՝ այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի, հայրենիք-պետության հարատևությունը:

Խիստ մտահոգիչ է, որ վերջին տարիների իր ուղերձներում Նիկոլ Փաշինյանը ցեղասպանություն տերմինի փոխարեն առավել շատ կիրառում էր Մեծ եղեռն ձևակերպումը։ Դատելով վերջին տարիների մտահոգիչ զարգացումներից՝ չենք կարող բացառել, որ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն առհասարակ կարող է Հայոց ցեղասպանություն եզրույթը չօգտագործել իր ուղերձներում, եթե իհարկե առաջիկա ընտրություններում վերջինիս հաջողվի վերարտադրել իր իշխանությունը․․․

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ