Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:30 27-03-2026

Աննա Հակոբյանը՝ բնորդուհի, ՔՊ-ի վարչապետի թեկնածուն, Ալեն Սիմոնյանին սադրե՞լ են․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 27-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի նախկին կողակիցը՝ Աննա Հակոբյանն այցելել է Պարույր Սևակի աղմկահարույց քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանի արվեստանոց: Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից՝ տեղեկացնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Թոքմաջյանի հրավերով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում։ Այցի ընթացքում Լևոն Թոքմաջյանը հյուրերին է ներկայացրել իր վերջին ստեղծագործական աշխատանքները և անդրադարձել իր մասնագիտական հարուստ ուղուն՝ կիսվելով տարբեր տարիների ստեղծագործական գործունեության ուշագրավ դրվագներով: Նշվում է, որ քանդակագործը դեռ որոշ ժամանակ առաջ պատկերել էր Աննա Հակոբյանին՝ հիմնվելով հեռակա տպավորությունների վրա, սակայն անմիջական շփման և անձամբ ճանաչելու արդյունքում ցանկություն է հայտնել ևս մեկ անգամ նրան վրձնել հենց արվեստանոցի ստեղծագործական միջավայրում: Այդ նպատակով տիկին Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում: Հանդիպման առանցքային թեմաներից է եղել նաև Պարույր Սևակի քանդակի շուրջ ծավալված հանրային քննարկումներն ու հնչած քննադատությունները: Լևոն Թոքմաջյանը ներկայացրել է իր դիրքորոշումն ու մասնագիտական մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ: Զրույցի ընթացքում քանդակագործը կիսվել է նաև իր ապագա ստեղծագործական մտահղացումներով։ Հանդիպման վերջում Թոքմաջյանն իր հեղինակային գիրքը մակագրեց և նվիրեց Նիկոլ Փաշինյանի նախկին կողակցին։


Այսօր ընթանում է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկությունը։ Այդ մասին հայտնել ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեց․ ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու և որոշում ենք ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականի դասավորությունը»,- գրել է Փաշինյանը։ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի մասով անակնկալներ կարծես չկան․ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ վարչապետի թեկնածուն մեծ հաշվով հայտնի է։ «ՔՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, բոլոր 50-ը համարվում են վարչապետի թեկնածուներ, հավանական վարչապետը կարծում եմ հայտնի է։ Քվեաթերթիկի ներքևում կա նշում, որտեղ մարդը պետք է նաև իր ընտրած 30-ից նշի անուն, թե ում է ուզում, որ լինի վարչապետի թեկնածու, ում անունը ավելի շատ նշված լինի՝ նա էլ կլինի վարչապետ թեկնածուն»,- նշել է նա: ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է։


Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ կա երեք սուբյեկտ, որ կարող է գնահատական տալ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ իրավապահները, ՀՀ քաղաքացիները և իր կուսկցականները՝ վարչության նիստում: «Առաջինն իրավապահ մարմիններն են, եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն, եթե գտնեն՝ էն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, կարձագանքեն: Երկրորդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, Հայաստանի ժողովուրդն է, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ աջակցության խոսքեր էին գրեl: Երրորդ սուբյեկտն իմ կուսակցությունն է», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը՝ նշելով, որ միջադեպը կուսակցությունում չի քննարկվել: Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը չի քննարկվելու վարչությունում։ Նա ասաց, որ նման անհրաժեշտություն չի տեսնում: Ալեն Սիմոնյանը նաև պնդեց, թե իր կարծիքով դա կազմակերպված էր: «Ես գիտեմ՝ դա ում կողմից է կազմակերպված, վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքեր շատ են լինելու, գիտեմ որտեղից է ուղղորդված: Գալ որդեկորույս ծնողների, բարեկամների մեջ խառնվել ու քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել ու ուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, էդ ո՞նց է ստացվում, ես քաղաքացի չե՞մ», - ասաց Սիմոնյանը: Նա պնդեց նաև, որ «սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»: Նշենք, որ Ալեն Սիմոնյանի և Միքայել Մարգարյանի մասնակցությամբ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանի հարևանությամբ, հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Միջադեպից հետո Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանն էլ հայտնել է, որ բերման ենթարկվածներն են ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով