Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 ամիս առաջ - 13:00 18-03-2026

Ինչ կարող է անել հայ գիտնականը, որ Փաշինյանը թռչի լուսին

Ինչպես վարորդն է որոշում, թե ուր և ինչպես գնա իր մեքենան, այնպես էլ իշխանությունն է քաղաքականություն որոշում, սահմանում նպատակները, խնդիրներն ու ծրագրերը։

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ևս ոչ ստանդարտ պատկերացում ունի։ Մարտի 17-ին Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում նա կիսվել է նախկինում ստացած տպավորությամբ, երբ իմացել է, որ ԱՄՆ-ի՝ դեպի Լուսին «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ Եվ այնուհետև պարզաբանել, թե ինչու մենք Լուսին թռչելու պլաններ չունենք։

«Մենք, իհարկե, մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռնել Լուսին և դրա համար կա ընդամենը մի պատճառ՝ այդ 400,000 գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը, որովհետև եթե լինեին այդ 400,000 պրոֆեսիոնալը և գիտնականը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու պետք է մենք հրաժարվեինք Լուսին թռնելուց, ինչու՞։ Որևէ պատճառ չկա։ Սա այն դեպքն է, կներեք, այդ կոպիտ օրինակի համար, հազար ներողություն, այդպիսի ասացվածք կա, չէ՞, որ ասում են` «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է», Լուսին թռնելը մեզ համար խակ է, իսկապես խակ է»,- նշել է նա:

Փորձենք հիմնավորել, թե Հայաստանն ինչո՞ւ Լուսին թռչելու ծրագիր չունի, և կարո՞ղ է Փաշինյանը թռչել լուսին։

Գիտության ոլորտի քաղաքականությունը, առաջնահերթությունները, նպատակները որոշում է ԿԳՄՍՆ-ն՝ կառավարության ծրագրին համահունչ։ Ինչ խնդիր դնում են հայ գիտնականի առաջ, դրանք էլ լուծվում են։ Քաղաքական որոշումը կարող է նպաստել գիտության զարգացմանը, տեխնոլոգիական նվաճումներին։ Եվ դարձյալ քաղաքական որոշմամբ կարող է փակվել ակադեմիան, գիտական հիմնարկը, բուհը, ինստիտուտը։ Եթե ինչ-որ ծրագիր իրականացնելու համար գիտական ռեսուրսի խնդիր է առաջանում, ապա խնդիր է իջնում բուհերին, գիտական հիմնարկին, նույնիսկ Սփյուռքին, ու ներգրավում են անհրաժեշտ թվով գիտնականների։

Սառը պատերազմում ԽՍՀՄ-ի պարտությունից ու կործանումից հետո բազմաթիվ հայ գիտնականներ մնացին անգործ, քանի որ ԽՍՀՄ-ը մեծ գիտական հավակնություններ ու պլաններ ուներ, իսկ նորանկախ Հայաստանը փոքր խնդիրներ ուներ։ 90-ականներին հայ գիտաշխատողների մի մասը փողոցում առևտուր էր անում, որ հաց տաներ տուն։ Պատճառն այն էր, որ ՀՀ-ն ո՛չ փող ուներ, ո՛չ էլ Լուսին թռչելու ծրագիր։ Եթե փող ունենային և մեծ ծրագրեր փորձեին իրականացնել, ապա գիտաշխատողը սոված չէր մնա ու ստիպված այլ գործով չէր զբաղվի, գիտական համայնքը չէր մաշվի։ Պարզ ասած՝ իշխանությունն է որոշում, թե քանի գիտնական լինի երկրում։

Նույնն է հիմա։ ՀՀ իշխանությունը գիտնականների առաջ դնո՞ւմ է այնպիսի մեծ խնդիրներ, որ նրանց քանակը բազմապատկվի, թե՞ այնքան փոքր խնդիրներ է դնում, որ գիտնականների մի մասը ստիպված արտագաղթի ու այլ երկրների զարգացմանը նպաստի։ Չտեսա՞նք, թե ինչ եղավ, երբ գիտնականը վաղուց կատարված գիտական մի ուսումնասիրության մասին գիրք նվիրեց ԱՄՆ փոխնախագահին։ Սրանից հետո ո՞ր գիտնականը կփորձի քաղաքական նախագիծ առաջ մղել, առավել ևս՝ Լուսին թռչելու ծրագիր ներկայացնել։

ՔՊ-ական իշխանությունը նույնիսկ Փաշինյանի գաղափարների վերաբերյալ չի կարողանում համախմբել գիտնականների։ Օրինակ՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վերաբերյալ գիտական աշխատանքնների պատվերներ իջեցվե՞լ են գիտական համայնքին։ Այդ խնդրի համար է՞լ 400 հազար գիտնականի անհրաժեշտություն կա։ Նույնիսկ նոր դասագիրք կազմելիս գիտնականների չեն ներգրավում։ Այսօրինակ անհարգալից վերաբերմունքի պարագայում զարմանալի է, որ Հայաստանում դեռ գիտնական կա։

Պարզ չէ միայն այն, թե այս անբարենպաստ իրավիճակում ինչո՞ւ է Փաշինյանը խոսում Լուսին թռչելու մասին, հետո հիասթափեցնում, թե դա անհնարին է, ձեռքի հետ հանդիմանելով գիտնականներին, որ 400 հազար չեն։

Այս առումով շրջանառվում է ֆանտաստիկ վարկած։ Ակնհայտ է, որ Փաշինյանի համար առաջներթությունն այսօր վերընտրվելն է։ Ասում են, թե՝ նա մշակում է նաև պլաբ Բ՝ այն պարագայում, եթե հունիսի 7-ին պարտվի։ Այս դեպքում նա, հավանաբար, կուզենա թռչել ապահով մի տեղ, օրինակ՝ Լուսին։ Բայց խնդիրը բարդանում է, քանի որ ՀՀ-ում չկան 400 հազար գիտնականներ։ Եվ այս պատճառով Փաշինյանը խաղում է գիտնականների գիտական ինքնասիրության հետ, գրգռում նրանց գիտական ամբիցիաները, հանդիմանում, որ 400 հազար չեն, որ հայ գիտնականները համախմբվեն՝ ինչքան որ մնացել են, Լուսին թռչելու ծրագիր կազմեն, Լուսին թռչելու տիեզերանավ կառուցեն, դառնան Փաշինյանի համախոհը, նրա երազանքի իրականացնողը, իսկ նրա պարտվելու պարագայում հայ գիտնականի ստեղծած նավով թռցնեն նրան Լուսին։

Թաթուլ Մկրտչյան