Մարտի 16-ը «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի, մահվան տարելիցն էր։ 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, նա մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Քաղաքական համայնքը Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղադրում էր օրվա իշխանություններին, որոնք հաշվի չէին առել նրա առողջական ծանր վիճակն ու կալանքի տալ պահել նրան տևական ժամանակ։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս այս հարցում անմասն չէր։ 2017-ի մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում նա նշել էր. «Պահանջում եմ, որ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը շատ հստակ պարզաբանվի»: Նա խիստ քննադատել էր օրվա իշխանություններին՝ ասելով, որ «Հաց բերողի» մահը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես խայտառակ էջ:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մոռացավ Հայաստանի պատմության ամենախայտառակ էջը, ինչո՞ւ հետևողական չեղավ, որ պատժվեին «Հաց բերողի» մահվան մեջ մեղավորները։
Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ Մարտի 1-ի թեմայով քննություններ են վերաբացվում, նոր կասկածյալներ են ներգրավվում։ Այսինքն՝ այնպես չէ, որ անցյալին վերաբերող ամեն ինչ մոռացվում է։ Բայց այս հարցում տարօրինակ անտարբերություն է ցուցաբերվում։
«Հաց բերողը» քաղաքական մեծ գործիչ չէր։ Սակայն 2016-ի նրա արարքը մեծ հուզմունք ու ոգևորություն պատճառեց ժողովրդին։ 2016-ի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքեց Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ զորամասը գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին։ Վերջիններս 10 օր փաստացի պաշարման մեջ էին իրավապահների կողմից, և ոստիկանները թույլ չէին տալիս սնունդ փոխանցել նրանց։
«Հաց բերողի» այս արարքը մարդասիրական խիզախության օրինակ է։ Նա մի քանի օր քաղցած մնացած, պաշարված մարդկանց հաց հասցրեց՝ իր կյանքը վտանգի ենթարկելով։ Նույն օրն, ավելի ուշ տարածված հայտարարության մեջ նշվեց, որ «ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա»։ Սա աննախադեպ խիզախ քայլ էր։ «Հաց բերողի» արարքը հանրային մեծ ոգևորություն առաջացրեց, քանի որ նա եղբայարական վերաբերմունք դրսևորեց մարդկանց հանդեպ, որոնց չէր էլ ճանաչում, նա ապացուցեց, որ մարդասիրության համար արգելքներ չկան։
Հասարակության մեծ մասը ներքուստ իրեն ասոցիացնում էր «Հաց բերողի» հետ, ներքուստ հպարտանում, որ իր երկրում նման խիզախ հումանիստ կա, հույսով լցվում, որ այսպիսի խիզախ մարդը գուցե կարդարացնի իր երկիրն Աստծո աչքում։
Այդ ժամանակ ոմանք կարծիք էին հայտնում, թե Նիկոլ Փաշինյանին իրականում հետաքրքիր չէր «Հաց բերողի» մարդասիրական սխրանքն ու ողբերգական մահը։ Ընդդիմադիր պատգամավորը պարզապես ուզում էր լինել հանրային ուշադրության կենտրոնում, այդ պատճառով էր անդրադառնում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված թեմային։ Հետադարձ հայացքով կարելի է ենթադրել, որ այս կարծիքը ճիշտ էր։ Հակառակ դեպքում՝ Փաշինյանը հիմա էլ կհիշեր «Հաց բերողին», նրա հիշատակը կհարգեր, որ մարդիկ նրա օրինակով՝ եղբայրաբար վերաբերվեն միմյանց, մարդասիրական խիզախություն դրսևորեն, մարդուն իրապես համարեն բարձրագույն արժեք։
Կարճ ասած՝ պարզ չէ, թե ինչո՞ւ «Հաց բերողի» մահվան մեջ մեղավորները չպատժվեցին, ինչո՞ւ նրա մարդասիրական սխրանքը մոռացության մատնվեց։ Հոռետեսական կասկած կա, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո փոխել է դիրքորոշումը, «Հաց բերողին» չի վերաբերվում հարգանքով, նրա մահը չի համարում Հայաստանի պատմության ամենախայտառակ էջը։ Սա արդեն վտանգավոր է։ Եթե ժողովուրդը հետևի Փաշինյանին և մոռանա «Հաց բերողին», ապա մտավախություն կա, որ մարդասիրությունը և խիզախությունը կպակասեն, մեր հասարակությունը կկորցնի խիղճը, կդեգրադացվի։
Թաթուլ Մկրտչյան