Այսօր տեղի է ունեցել եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացին նվիրված մամուլի ասուլիսը, որի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է համընդհանուր հայտարարագրման համակարգի ընթացքն ու կատարված փոփոխությունները։
Գևորգյանի խոսքով՝ համակարգը ներդրվում է փուլային տարբերակով։ Երկու տարի առաջ հայտարարագիր ներկայացրել է առաջին խումբը, անցած տարի գործընթացին միացել են նաև այլ խմբեր, այդ թվում՝ վարձու աշխատողները։ Այս տարի համակարգը տարածվում է արդեն բոլոր քաղաքացիների վրա, այսինքն՝ Հայաստանի բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու։
Միաժամանակ համակարգը շարունակաբար արդիականացվում է։ Եկամուտների մի մասը արդեն ավտոմատ կերպով նախալրացվում է այն տվյալների հիման վրա, որոնք հայտնի են Պետական եկամուտների կոմիտեին։
Եթե քաղաքացին մինչև նոյեմբերի 1-ը լրացուցիչ հայտարարագրման ենթակա եկամուտ չունի, համակարգում առկա տեղեկատվությունը կհամարվի վերջնական, և հայտարարագիրը կհամարվի ներկայացված։
Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիները՝ այն անձինք, որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում կամ տարվա ընթացքում Հայաստանում գտնվել են առնվազն 183 օր։
ՊԵԿ փոխնախագահն անդրադարձել է նաև թոշակառուների հարցին՝ նշելով, որ պետությունն ունի կենսաթոշակների վերաբերյալ տվյալներ, որոնք ավտոմատ կերպով ներառվում են համակարգում։ Եթե թոշակառուն այլ եկամուտ չունի, օրինակ՝ վարձակալությունից կամ այլ աղբյուրներից, ապա լրացուցիչ տվյալներ լրացնելու անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ, համակարգ մուտք գործելը կարևոր է, քանի որ քաղաքացին կարող է տեսնել տարվա ընթացքում ստացած եկամուտներն ու վճարված հարկերը, ինչպես նաև օգտվել սոցիալական կրեդիտներից և հնարավոր վերադարձներից։
Քաղաքացիներին աջակցելու համար գործում են ՊԵԿ սպասարկման կենտրոնները, որտեղ մասնագետները տրամադրում են խորհրդատվություն։ Հնարավոր է նաև աջակցություն ստանալ հեռախոսազանգերի միջոցով։
Անդրադառնալով միջանձնային փոխանցումներին՝ Գևորգյանը նշել է, որ այդ ձևակերպումը հաճախ մոլորեցնող է։ Փոխանցումները կարող են կատարվել տարբեր նպատակներով, օրինակ՝ բնակարանի վարձավճարի դիմաց, և նման եկամուտները հարկման տեսանկյունից պետք է հայտարարագրվեն՝ անկախ որևէ շեմից։
Միաժամանակ կառավարությունը փոփոխություններ է կատարել հայտարարագրման գործընթացում։
Անձնական փոխանցումների չհայտարարագրվող շեմը բարձրացվել է 300 հազար դրամից մինչև 1 մլն դրամ։ Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից ստացված մինչև 1 մլն դրամ միանվագ փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, և շեմը վերաբերում է յուրաքանչյուր առանձին գործարքի չափին, ոչ թե ամսական կամ տարեկան գումարին։
Եթե փոխանցումը գերազանցում է 1 մլն դրամը, այն պետք է հայտարարագրվի, սակայն դա չի նշանակում, որ այն հարկվելու է։ Օրինակ՝ ընկերների կամ բարեկամների փոխանցած գումարը կարող է հայտարարագրվել, բայց չհարկվել։ Միաժամանակ պաշտոնյաները նշում են, որ եթե նման փոխանցումները օգտագործվեն որպես աշխատավարձ կամ ծառայության դիմաց վճար թաքցնելու միջոց, կարող են իրականացվել ուսումնասիրություններ։
Վերջին փոփոխություններով նաև վերացվել է վարկերը հայտարարագրելու պահանջը։
ՊԵԿ տվյալներով՝ հայտարարագրման համակարգի ներդրումից հետո արդեն արձանագրվել են դրական արդյունքներ։
Մասնավորապես, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների գծով նախորդ տարի հայտարարագրվել և վճարվել է շուրջ 8.7 միլիարդ դրամ հարկ, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան նախկինում։