Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 19:45 10-03-2026

Բախտներս բերել է, քամիներն այլ ուղղությամբ են․ Հայաստանում թթվային անձրևների վտանգ չկա

Իրանում նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո առաջացած հրդեհները մտահոգություն են առաջացրել տարածաշրջանում։ Մասնագետները խոսում են հնարավոր «թունավոր անձրևի» վտանգի մասին։ Բնապահպանները հարցեր են բարձրացնում՝ այս երևույթը կարո՞ղ է ազդել նաև Հայաստանի վրա, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պետական մարմինները։

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան հարթակում մանրամասներ է ներկայացնում, թե ինչ վտանգ է ներկայացնում այսպես կոչված՝ «թունավոր անձրևը»։

«Նավթային պահեստարանների և նավթահորերի այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում մի շարք վտանգավոր նյութեր՝ ծծմբի միացություններ (SO₂), ազոտի օքսիդներ (NOₓ), տարբեր ածխաջրածիններ, մուր և ծանր մետաղների մանր մասնիկներ։ Այս նյութերը կարող են խառնվել ամպերի մեջ գտնվող ջրի կաթիլների հետ և ձևավորել թթվային միացություններ։ Արդյունքում տեղումների ժամանակ դրանք կարող են ընկնել երկրի վրա՝ առաջացնելով այն, ինչ պայմանականորեն կոչվում է թունավոր կամ թթվային անձրև»,- տեղեկացնում է Պողոսյանը։

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ նավթային օբյեկտների պայթյունները տեղի են ունեցել Իրանի այն հատվածներում, որոնք բավականին հեռու են Հայաստանի սահմանից և ավելի հարավ են տեղակայված։ Բացի այդ, պայթյունների պահին և դրանից հետո քամիների ուղղությունը եղել է դեպի հարավ, ոչ թե դեպի հյուսիս՝ Հայաստանի կողմ։

«Այս հարցում, կարելի է ասել, մեր բախտը բերել է։ Քամիների ուղղությունը նյութերը չի բերել Հայաստանի տարածք, և այս պահին հայտարարություններ կան, որ անմիջական վտանգ դեռ չկա»,- նշում է Ադամյանը։

Միևնույն ժամանակ մասնագետը զգուշացնում է, որ տարածաշրջանում ռազմական էսկալացիան ինքնին մեծ ռիսկեր է ստեղծում։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն նավթային հրդեհները չեն։ Ռազմական գործողությունների ընթացքում կարող են տեղի ունենալ նաև այլ տեսակի պայթյուններ նավթահորերում, արդյունաբերական կամ ռազմական օբյեկտներում։

Բացի այդ, նա նշում է, որ նավթամթերքի արտահոսքի հիմնական մասը կարող է շարժվել դեպի Պարսից ծոց և այնուհետև տարածվել համաշխարհային օվկիանոսում, ինչն արդեն կունենա գլոբալ բնապահպանական հետևանքներ։

Մասնագետը առավել վտանգավոր է համարում ռազմական հակամարտության հետագա սրացումը։ Նրա գնահատմամբ՝ եթե հակամարտությունը չկասեցվի, չի կարելի ամբողջությամբ բացառել նաև առավել ծանր զինատեսակների կիրառման վտանգը և դրա հետևանքը մեր երկրի վրա։

«Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, նման սցենարի դեպքում կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ»,- հավելեց Սիլվա Ադամյանը՝ կոչ անելով իշխանություններին՝ հանրությանը իրազեկել հնարավոր վտանգների մասին և բացատրել, թե ինչպես պետք է վարվել արտակարգ իրավիճակների դեպքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի