Արտաքին Խոսք 7 ամիս առաջ - 19:22 09-03-2026

Հին Խամենեին փոխարինվում է նորով․ ինչ է սպասվում ՀՀ-ին և տարածաշրջանին

«Ամեն ինչ մեծապես կախված է պատերազմի շարունակականությունից և նրանից, թե ինչպիսի Իրան կմնա պատերազմի ավարտից հետո»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը:

Իրանում իշխանության առանցքային փոփոխություն է տեղի ունեցել։ Երկրի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Նրա անունը տարիներ շարունակ շրջանառվում էր որպես իրանական քաղաքականության կուլիսներում ազդեցիկ գործչի, իսկ այժմ նա կանգնած է երկրի բարձրագույն քաղաքական ու հոգևոր իշխանության ղեկավարի պաշտոնում։ Մասնագետների կարծիքով՝ այս զարգացումը կարող է ազդեցություն ունենալ ինչպես Իրանի ներքաղաքական գործընթացների, այնպես էլ տարածաշրջանային ուժային բալանսի վրա։

Իրանագետի խոսքով՝ Մոջթաբա Խամենեին մինչ այժմ հանրային քաղաքական դաշտում ակտիվ դեր չի ունեցել, ինչի պատճառով նրա քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է։

«Մենք նրա մասին շատ տեղեկատվություն չունենք, քանի որ նա հանրային դաշտում ակտիվ չի եղել։ Սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա կապեր ունի Իրանի պահպանողական շրջանակների հետ, և ենթադրվում է, որ կարող է շարունակել իր հոր քաղաքական գիծը»,- նշեց Վարդանյանը։




Նրա խոսքով՝ այս պահին դժվար է հստակ կանխատեսել, թե ինչ քաղաքականություն կվարի նոր առաջնորդը, քանի դեռ չեն երևացել նրա գործնական քայլերն ու հռետորաբանությունը։

«Պետք է որոշ ժամանակ անցնի, որպեսզի հասկանանք՝ նա ինչ քաղաքականություն կորդեգրի, ինչպես կհամակարգի Իրանի պետական ինստիտուտների աշխատանքը և ինչ դիրքորոշում կունենա արտաքին քաղաքականության կարևոր հարցերում», – ասաց իրանագետը։

Իրանագետի կարծիքով՝ նոր առաջնորդի շուրջ ձևավորվող պատկերն առաջիկայում կարող է ակտիվորեն օգտագործվել նաև քարոզչական դաշտում։

«Նման դեպքերում հաճախ առաջնորդի կերպարը ձևավորվում է նաև քարոզչական հարթակում։ Նրա անձնական կյանքի որոշ հանգամանքներ ևս կարող են օգտագործվել այդ նպատակով՝ առաջնորդի կերպարը ուժեղացնելու համար», – ասաց Վարդանյանը։

Խոսելով Հայաստանի համար հնարավոր հետևանքների մասին՝ իրանագետը նշեց, որ ամեն ինչ կախված է տարածաշրջանային զարգացումներից և Իրանի ներքաղաքական կայունությունից։

«Անկայուն Իրանը Հայաստանի շահերից չի բխում։ Պատերազմական գործողություններն արդեն իսկ իրենց ազդեցությունն ունեն տնտեսական հարաբերությունների և տարանցիկ երթուղիների վրա։ Եթե Իրանի բալանսավորող դերակատարությունը տարածաշրջանում թուլանա, դա կարող է նաև անվտանգային նոր մարտահրավերներ ստեղծել Հայաստանի համար»,- եզրափակեց Ժաննա Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ